ՀՊՏՀ-ում հանդիսավորությամբ մեկնարկեց «Դասախոսական խաղեր-2016»-ը

Դիտումների քանակ՝ 1292

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր հանդիսավոր կերպով մեկնարկեցին «Դասախոսական խաղեր-2016»  խորագրով միջբուհական մարզական խաղերը: Բացմանը ներկա էին մեր համալսարանի գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, նշված ամբիոնի ներկայացուցիչներ, հյուրեր:

Հովհաննես Գաբրիելյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին, այնուհետև շքերթով մարզադահլիճ մտան մասնակից բուհերի թիմերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ ուրախություն հայտնելով, որ հայաստանյան 11 բուհեր մասնակցում են դասախոսական խաղերին: Պրոռեկտորի խոսքով՝ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: «Դասախոսների մասնակցությունը նման նախաձեռնություններին նաև դաստիարակչական նշանակություն ունի, լավ օրինակ է երիտասարդ սերնդի համար»,-ընդգծեց պրոռեկտորը՝ հաջողություն մաղթելով խաղերի մասնակիցներին:

Ելույթ ունեցավ նաև Հայաստանի վոլեյբոլի  ֆեդերացիայի գլխավոր քարտուղար  Կարեն Ասմարյանը՝ վոլեյբոլի ֆեդերացիայի անունից ողջունելով դասախոսական մարզական խաղերի անցկացումը և հույս հայտնելով, որ այն շարունակական կլինի:

Հովհաննես Գաբրիելյանը հավելեց, որ արդեն 3-րդ անգամ են  անցկացվում «Դասախոսական խաղեր» միջբուհական մրցումները և այս տարին առանձնահատուկ է նրանով, որ բացի վոլեյբոլից ներառվել են սեղանի թենիսի և հրաձգության առաջնություններ: Ամբիոնի ղեկավարի խոսքով՝ խաղերը կտևեն հունվարի 25-29-ը:

ՀՀ օրհներգի ներքո բարձրացվեց հայոց եռագույնը, ինչն էլ ազդարարեց խաղերի բացումը: Այժմ մեր մարզադահլիճում ընթանում են վոլեյբոլի խաղերը:

Հիշեցնենք, որ միջբուհական դասախոսական խաղերի կազմակերպիչը ՀՊՏՀ-ն է, աջակցում է նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Մասնակցում են Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային, Երևանի պետական բժշկական, Հայաստանի պետական մանկավարժական , Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի և հայաստանյան այլ բուհերի թիմեր:

Խաղերի  արդյունքներին կանդրադառնանք մեր  առաջիկա լրահոսում:

Դասախոսական թիմերին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին