Մասնագիտական կրթության որակի ապահովում. խորհրդաժողով «ՄԱՀԱԹՄԱ» ծրագրով
Տեմպուսի «ՄԱՀԱԹՄԱ» ծրագրի շրջանակներում 2016 թ. հունվարի 19-ին մեկնարկել էր քառօրյա համաժողով: Հունվարի 19-ին և 20-ին հանդիպումները տեղի են ունեցել ծրագիրը համակարգող համալսարանում՝ ՀՊՄՀ-ում: Հանդիպմանը մասնակցել են ծրագրում ներգրավված հայաստանյան բուհերի, գործընկեր կազմակերպությունների և արտասահմանյան գործընկեր բուհերի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր քննարկել 2016 թ. «ՄԱՀԱԹՄԱ» ծրագրի գործողությունների պլանը՝ սահմանելով նախատեսվող հանդիպումների, միջոցառումների և գործողությունների ժամանակացույցը և պատասխանատուներին, ինչպես նաև քննարկել ասոցիացիայի հիմնմանը և ծրագրի կառավարմանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից և հայտնում որոշ մանրամասներ:
Ըստ այդմ՝ կառավարման այս հանդիպումներից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով խորհրդաժողովը, որին մասնակցում էին հայաստանյան տարբեր համալսարանների դասախոսներ, ուսանողներ, կրթության ոլորտի մասնագետներ և գործատուներ, ինչպես նաև արտասահմանյան բուհերի մասնագետներ:
Խորհրդաժողովի առաջին օրվա ընթացքում քննարկվել է, թե որ պարագայում է ուսուցումն արդյունավետ, ինչպես են շահակիցները ներգրավված կրթական ծրագրերի մշակմանը, այնուհետև սեկցիոն նիստերով հայաստանյան և օտարերկրյա մասնագետները ներկայացրել են ուսուցման արդյունավետության իրենց բանաձևը: Խորհրդաժողովի երկրորդ օրվա ընթացքում քննարկումներ են ծավալվել որակի ներքին և արտաքին ապահովման, ուսուցման արդյունավետության գնահատման և բարձրացման ուղիների վերաբերյալ: Ուսանողների առաջադիմության չափման, դասավանդման արդյունավետության և կրթության որակի ապահովման իրենց փորձը նիստերում ներկայացրել են Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական, Սևծովյան միջազգային, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայ-ռուսական սլավոնական, Երևանի պետական լեզվահասարակագիտական և այլ համալսարանների դասախոսներ:
Խորհրդաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները կհրապարակվեն ՈԱԱԿ-ի նախաձեռնած և Տեմպուսի «ՄԱՀԱԹՄԱ» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ հրատարակվող միջազգային գրախոսվող գիտական ամսագրում:
ՀՊՏՀ-ից առաջին հանդիպմանը (հունվարի 19-ին և 20-ին) մասնակցել են որակի ապահովման բաժնի աշխատակից Մարիա Պետրոսյանը և կառավարման ամբիոնի դոցենտ Ռուբեն Հայրապետյանը: Իսկ խորհրդաժողովին մասնակցել են Մ. Պետրոսյանը և ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Իրավագիտություն առարկայի դասավանդման և ուսումնառության որոշ հարցերի շուրջ» թեմայով զեկուցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին