«Հոգու ալիքներ». ՀՊՏՀ պրոֆեսորի նոր բանաստեղծական ժողովածուն

Դիտումների քանակ՝ 1277

Մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Լյովա Սամվելյանը լույս է ընծայել իր նոր՝ «Հոգու ալիքներ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն:

Մեզ հետ զրույցում հեղինակն ասաց, որ սա իր՝ թվով  7-րդ գիրքն է:

«Ժողովածուում տեղ են գտել կյանքի, բնության, սիրո, հայրենիքի, մանկության մասին մտորումներս: «Հոգու ալիքներ»-ն իմ ներաշխարհի յուրատեսակ արտացոլումն է: Թղթին եմ հանձնել այն, ինչը զգացել եմ, ապրել»,-նշեց Լյովա Սամվելյանը և հավելեց, որ իր համար ստեղծագործելու ներշնչանք է գեղեցիկը` բնության խաղը, մայրամուտը, արևածագը, կյանքի հետաքրքիր ու տպավորիչ երևույթները: Բանաստեղծություններից մեկում օրինակ, հեղինակը նկարագրում է արևի և լուսնի հանդիպումը: Ինչպես ինքն է ասում՝ մի անգամ, առավոտյան նկատել է, որ երկնակամարում միաժամանակ հայտնվել են արևն ու լուսինը, և այդ աննկարագրելի տեսարանը ստեղծագործելու մղում է առաջացրել, երկնել նոր բանաստեղծություն:

Նշենք, որ Լյովա Սամվելյանը ՀՀ վաստակավոր մարզիչ և վաստակավոր գործիչ է, ՄԻԱ թղթակից անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ և մրցավար, ՀՀ բազմակի չեմպիոն, ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, ՀՀ Նախագահի կողմից արժանացել է շնորհակալագրի, կառավարական պատվոգրերի, մի շարք մրցանակների, մեդալների և շքանշանների:

Շնորհավորում ենք Լյովա Սամվելյանին գրքի լույսընծայման առիթով և մաղթում ստեղծագործական հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին