Մուտքդ բարի, 2016 թվական. շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Դիտումների քանակ՝ 1893

Հաշված ժամեր անց պատմություն է  դառնալու  2015 թվականը: Գալիս է նոր տարին՝ լի բազում անակնկալներով, հրաշքներով ու մարտահրավերներով:

Ամանորը ամենաերազային տոնն է, որը հրաշքի սպասում է պարգևում աշխարհի միլիոնավոր մարդկանց: Սա թերևս այն միակ տոնն է, որ բարությամբ ու սիրով է լցնում մարդկանց հոգիները, նվիրում` երջանկություն ապրելու չգրված իրավունք:

Յուրաքանչյուրս ամանորյա հեքիաթ ենք հյուսում մեզ համար, որում կան նպատակներ, ցանկություններ ու նվիրական երազանքներ: Ասում են, երազանքները իրականանում են, եթե հավատում ես: Ամանորը հենց ամենամեծ առիթն է հավատալու ինքներս մեզ և իրագործվելու սպասող երազանքներին: Ուրեմն, հավատանք սրտում փայփայած այն  նպատակներին, որոնք ունակ են կյանքին թարմ շունչ հաղորդելու, այն գեղեցիկ ու գունեղ դարձնելու:

Անցնող տարին լի էր աշխարհաքաղաքական զարգացումներով ու բախումներով, որոնք մեզ կարծես պարտավորեցրին առավել բարձր գիտակցել համամարդկային  վեհ արժեքի՝ Խաղաղության գինը:

Առաջին հերթին, մեր երկրի  խաղաղության համար  պարտական ենք հայ զինվորին, որ սահմանին վստահորեն անառիկ է պահում հայրենիքի սահմանները, ուստի մաղթում ենք նրան  ամուր կամք ու կորով, քաջառողջություն ու բարձր ոգի:

Թո'ղ Ամանորը ցանկալի խաղաղություն  սփռի աշխարհում, անդորր, որը  սկզբնաքարն է յուրաքանչյուր ժողովրդի գոյության, արժանապատիվ ապրելու, արարելու: Խաղաղություն՝ հանուն հայրենիքի և աշխարհի բարօրության:

Գալդ բարի, 2016 թվական: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին