ՀՊՏՀ ռեկտորը հավաստագրեր հանձնեց վերապատրաստված դասախոսներին

Դիտումների քանակ՝ 1446

ՀՊՏՀ  դասախոսների համար մեր համալսարանում նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 18-ը անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ երեք ուղղություններով` ֆինանսական հաշվառում, վերլուծություն և աուդիտ, տնտեսամաթեմատիկական մեթոդների և մոդելների յուրացում և կիրառում, տեղեկատվական համակարգերի տիրապետում և օգտագործում: Դասընթացներին մասնակցած  դասախոսներին հավաստագրերը հանձնվեցին այսօր. միջոցառմանը ներկա էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, շարունակական և լրացուցիչ կրթության  կենտրոնի  առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը ողջունեց դասախոսներին և նշեց, որ բուհի ղեկավարությունը շատ է կարևորում դասախոսների վերապատրաստումը:

«Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, եթե վերապատրաստումը կազմակերպեինք, օրինակ, արտասահմանյան առաջավոր բուհերում, սակայն կան մի շարք խոչընդոտներ: Մենք փորձեցինք վերապատրաստման գործընթացը սկսել մեր համալսարանում, քանի որ դա նաև օրենքի պահանջ է»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ դասախոսներին հրավիրելով քննարկման, որի ընթացքում հնչեցին մի շարք հարցեր ու առաջարկություններ:

Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման  ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սուրեն Պարսյանը հետաքրքրվեց՝ բուհի ղեկավարությունը վերապատրաստման դասընթացները կազմակերպելիս ի՞նչ նպատակ է հետապնդել, ի՞նչ առավելություններ և հնարավորություններ ունի վերապատրաստված դասախոսը, ապա՝ ինչպե՞ս են ընտրվել դասընթացների ծրագրերը: Հարցերին պատասխանեց պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, ում խոսքով՝ ընտրվել են դասընթացների  այնպիսի ուղղություններ, որոնք դասախոսների դասավանդման նյութի հիմնական մասն են կազմում: Իսկ վերապատրաստման կարևորության և նպատակի վերաբերյալ ի պատասխան նշվեց՝ դրա հիմնական նպատակը բարձրորակ դասախոսներ ունենալն է: Ֆինանսների ամբիոնի դասախոս Լիլիթ Հովականյանը շնորհակալություն հայտնեց վերապատրաստման հնարավորության  համար և գոհունակություն հայտնեց դասավանդած դասախոսներից:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց հաշվի առնել հնչած առաջարկները հետագա դասընթացները կազմակերպելիս, ապա նշեց, որ  դասախոսի որակական հատկանիշների բարձրացման համար կա երեք կարևոր հանգամանք՝   վերապատրաստում,  մասնակցություն գիտահետազոտական աշխատանքներին և գիտաժողովներին  (թե' հանրապետությունում, թե' արտերկրում): Համալսարանի ղեկավարը շեշտեց, որ կրթական շուկայում այսօր առկա մրցակցությունը բուհերին հետագա ճանապարհ անցնելու մեկ հնարավորություն է տալիս՝ մատուցել որակյալ կրթական ծառայություն, ինչի համար հարկավոր է համախմբել ջանքերը: Հանդիպման ավարտին ռեկտորը հավաստագրեր հանձնեց հասցեատերերին:

Մեզ հետ զրույցում Աիդա Առուստամյանը նշեց, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 24 դասախոս և եղել են դասախոսներ, ովքեր մասնակցել են բոլոր 3 ուղղություններով դասընթացներին:

Հիշեցնենք, որ դասընթացները վարել են ինչպես մեր բուհի, այնպես էլ հրավիրված դասախոսներ:

Շնորհավորում ենք վերապատրաստված դասախոսներին, մաղթում հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին