Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը հավանություն տվեց բուհի 2015թ. աշխատանքին

Դիտումների քանակ՝ 1469

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ խորհրդի նիստ, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, խորհրդի անդամներ:

Օրակարգի առաջին հարցը ՀՊՏՀ խորհրդի նախագահի ընտրությունն էր:  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՊՏՀ խորհրդի լիազորությունների ժամկետը լրացել էր, վարչապետի որոշմամբ հաստատվել է  խորհրդի նոր կազմ, որը պետք է ընտրի խորհրդի նախագահ: ԿԳ նախարարն առաջարկեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 5 տարի ժամկետով վերընտրվեց ՀՊՏՀ խորհրդի նախագահի պաշտոնում:

«Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ վստահության համար: Առաջին  հինգ տարիներին ձեզ հետ միասին մենք  շարունակելու ենք իրականացնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի արդյունավետ գործունեությանը, հետագա զարգացմանն ուղղված  մեր քաղաքականությունը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ խորհուրդն անդրադարձավ օրակարգի երկրորդ հարցին. ՀՊՏՀ 2015թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2016թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկուցեց համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը հակիրճ ներկայացրեց 2015թ. բուհի գործունեության բոլոր ուղղությունները՝ ուսումնական գործունեությունը և դաստիարակչական աշխատանքները, գիտահետազոտական գործունեությունն ու բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, միջազգային գործունեությունը, հասարակայնության հետ կապերը, գրադարանային և հրատարակչական աշխատանքները, շարունակական կրթությունը, տնտեսական, ֆինանսական գործունեությունը և  մասնաճյուղերի գործունեության հիմնական արդյունքները: «2015թվականը դարձավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012-2016 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման կարևոր փուլը: Ունեցել ենք ձեռքբերումներ գրեթե բոլոր ուղղություններով՝ ուսումնական գործընթացի, կրթության որակի բարելավմանը միտված քայլերից մինչև բուհական միջավայրի արդիականացում և տեխնիկական վերազինում: Հիմնական աշխատանքները կարող ենք առանձնացնել այսպես՝ մրցունակության բարձրացման նպատակով ուսումնական պլանների որոշ մասի նորացում, ուսումնական գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուժեղացում, կրթության որակի ներքին համակարգի ներդրում, գիտահետազոտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, գիտական հետազոտությունների և ուսումնական գործընթացի միասնացմանն ուղղված միջոցառումների իրականացում, միջազգային գործունեության ակտիվացում, ուսանողների և դասախոսների սոցիալական աջակցության զարգացում, նյութատեխնիկական հենքի կատարելագործում և համալսարանի ներքին բարեկարգման հիմնական աշխատանքների ավարտում»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ որպես կատարված աշխատանքի ընդհանրական գնահատական շեշտադրելով համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման փաստը:

Համալսարանի ղեկավարն անդրադարձավ կրթական գործունեության կազմակերպմանը, կրթական գործունեության ցուցանիշներին, ուսումնամեթոդական աշխատանքներին, ուսանողների ընդունելությանը՝ շեշտելով, որ բացառությամբ առկա բակալավրիատի՝ 2015թ. ուսանողների ընդունելության պլանը չի կատարվել, ընդգծեց կրթության որակի կարևորության մասին: Դաստիարակչական աշխատանքների մասին խոսելիս ռեկտորը կարևորեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի առաքելությունը՝ նշելով, որ ուսանողական մարմնի գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել, որի խոսուն վկայությունն այն է, որ 2015թ. «Հայկյան մրցանակաբաշխությունում, որին ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բուհի ուսանողական խորհորդն արժանացել է «Հայկյան» մրցանակի՝ 4-րդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվելով «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում:

Համալսարանի սոցիալական ծրագրերի փաթեթը տարեցտարի մեծանում է՝ ընդգրկելով թե՛ ուսանողներին, թե՛ աշխատակիցներին: Կորյուն Աթոյանը խոսեց կրթաթոշակների և զեղչերի կիրառման մասին, նշեց, որ համալսարանի 330 աշխատակից օգտվում է բժշկական ապահովագրությունից, բարձրացել է անվանական կրթաթոշակառուների թոշակի չափը, տարեկան անվճար կազմակերպվում է 120-ից ավելի ուսանողների հանգիստը, իսկ սույն  թվականի նոյեմբերի 10-ից գիտխորհրդի կողմից հաստատվել և կիրառության մեջ է դրվել «ՀՊՏՀ նորաստեղծ ընտանիքների աջակցման և երիտասարդ ծնողների խրախուսման կարգը», որը նախատեսում է 100-250 հազար դրամ միանվագ խրախուսում:

Գիտահետազոտական գործունեության մասին  ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ 2015 թ. շարունակվել է համալսարանի գիտահետազոտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, բացի ամբիոններից հետազոտություններ են իրականացվել «Ամբերդ» հետազոտական կենտրոնում և գիտաուսումնական խմբերում: 2015թ. համալսարանի գիտնականները ՀՀ Կառավարության աջակցությամբ ձեռնամուխ են եղել ՀՀ նախարարությունների պատվերներով հետազոտությունների ու մշակումների իրականացմանը: Ուսանողների գիտահետազոտական գործունեության մեջ կարևորվեց «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական գիտաժողովի կազմակերպումը, որին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Միջազգային գործունեության մասին ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ ընդլայնվել  են համալսարանի կապերը միջազգային կառույցների և համալսարանների հետ, ՀՊՏՀ-ն ստացել է 13 նախագծի ֆինանսական աջակցություն (11 ծրագիր «Էրասմուս+1,2»-ից, մեկական՝ Ֆուլբրայթ և Վիզեգրադյան հիմնադրամներից), ՀՊՏՀ-ն դարձել է Եվրասիական համալսարանների ասոցացիայի անդամ: Հանրային կապերի ամրապնդման մասին Կորյուն Աթոյանը շեշտեց. «Համալսարանի գործունեության համակողմանի լուսաբանումը, հաշվետվողականության ապահովումը, բուհի դրական կերպարի ձևավորումը և հանրային կապերի ամրապնդման ուղղությամբ շարունակական աշխատանքները նպաստել են ժամանակակից մեդիատարածությունում համալսարանի արդյունավետ դիրքավորմանը»:

«Համաձայն ՀՊՏՀ զարգացման ծրագրի ակտիվ աշխատանք է կատարվել գիտակրթական գործունեության նյութատեխնիկական հենքի նորացման, համալսարանի արդիականացման, տեխնիկական վերազինման, կրթական տեխնոլոգիաների ներդրման, բարեկարգման ու բարենորոգման աշխատանքների ուղղությամբ, և սա շարունակական ու տեսանելի աշխատանք է»,- նշեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ մանրամասն ներկայացնելով համալսարանի բարենորոգման, արդիականացման ու տեխնիկական հագեցման աշխատանքները:

Համալսարանի ռեկտորը ներկայացրեց նաև 2015թ. բյուջեի կատարման արդյունքներն ու 2016թ. բյուջեի նախագիծը: Նշենք, որ «ՀՊՏՀ 2015թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները  և 2016թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները» ամբողջական հաշվետվությունը հասանելի է hամալսարանի պաշտոնական կայքի «Հաշվետվություններ» խորագրի ներքո. մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով :

ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ եզրափակիչ ելույթով՝ նշելով, որ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հաշվետվությունը փաստեց, որ որակյալ կադրերի պատրաստման, համալսարանի մրցունակության և հեղինակության բարձրացման համար բուհի ղեկավարության և աշխատակիցների ջանքերը արդյունավետ են եղել: Շեշտելով, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է բարձրորակ տնտեսագետների պատրաստման գործը՝ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Որպես Հայաստանի վարչապետ՝ ես առիթ եմ ունեցել նշելու, որ Տնտեսագիտական համալսարանը իր ներուժով պետք է աջակից լինի Կառավարությանը՝ տնտեսական քաղաքականության իրականացման գործում: Այս առումով գովելի է, որ Կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների և ուսանողների կողմից դարձել են հետազոտության թեմաներ»:

Անդրադառնալով համալսարանի անցնող տարվա գործունեությանը՝ ՀՀ վարչապետը նշեց, որ 2015թ. Տնտեսագիտական համալսարանում անշեղորեն շարունակվել է բարեփոխումների և զարգացման քաղաքականությունը բուհի գործունեության բոլոր ոլորտներում, իսկ կրթության որակի բարելավման ուղղությամբ կատարված քայլերից արժևորեց համալսարանի հավատարմագրման փաստը: «Այս բոլոր հաջողությունները նպաստում են բուհի հեղինակության բարձրացմանը և հպարտանալու առիթներ ընձեռում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նման գնահատականը պարտավորեցնող է: Ինչ վերաբերում է  համալսարանի 2015թվականի բյուջեի կատարողականի արդյունքներին, վարչապետը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են և ցույց են տալիս, որ բյուջեն արդյունավետ ու խնայողաբար է տնօրինվել: «Արդյունքները տեսանելի են բուհի գործունեության բոլոր ուղղություններում՝ սոցիալական ծրագրերից մինչև բուհական միջավայրի արդիականացում:  Ինչ վերաբերում է 2016թ. բյուջեի նախագծին, ապա այն ցույց է տալիս, որ առկա միտումները կպահպանվեն նաև գալիք տարում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ իր ելույթը եզրափակելով տարեմուտի շնորհավորանքով ու բարեմաղթանքներով: Վարչապետը համոզմունք հայտնեց, որ  ջանքերի համախմբման արդյունքում 2016թ. կլինի բարեկեցության տարի:

Խորհուրդը որոշեց հավանություն տալ ՀՊՏՀ 2015թ ուսումնամեթոդական, գիտահետազոտական և ֆինանսատնտեսական գործունեությանը, բավարար գնահատել համալսարանի 2015թ. բյուջեի կատարման արդյունքները և հաստատել 2016թ. բյուջեն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին