Լույս է ընծայվել նոր ուսումնագործնական ձեռնարկ՝ «Հայոց լեզու»

Դիտումների քանակ՝ 2131

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս  Ռիմա Մալոյանի հեղինակությամբ լույս է տեսել «Հայոց լեզու»  ուսումնագործնական ձեռնարկը:

Գրքի ծանոթագրությունում նշված է, որ այն  նախատեսված է տնտեսագիտական կրթություն ստացող ուսանողների լսարանային  գործնական աշխատանքներն առավել արդյունավետ և նպատակային դարձնելու համար: Ձեռնարկը հրատարակության  է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժինը: Գրախոսներն են  փ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Միրզոյանը և տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  Ռիմա Մալոյանը նշեց, որ գրքում տեղ գտած նյութերը համապատասխանում են լեզվաուսուցման ծրագրին:

«Ձեռնարկում անդրադարձ է կատարվել  նաև հայ և օտարազգի խոշոր հայագետներից մի քանիսին՝ Խաչատուր Աբովյան, Արսեն Այտընյան, Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Գևորգ Ջահուկյան, Հայնրիխ Պետերման, Ֆրիդրիխ Վինդիշման և ուրիշներ»,-ասաց հեղինակը:

Նշենք, որ գիրքը մեր  ուսանողների համար հասանելի կլինի բուհի գրադարանում:

Շնորհավորում ենք Ռիմա Մալոյանին և մաղթում նոր հրատարակություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին