Ձեռքբերումներ, բարեփոխումներ, նաև՝ հիմնախնդիրներ. ՀՊՏՀ ռեկտորը գիտխորհրդի ընդլայված նիստում հանդես եկավ հաշվետվությամբ

Դիտումների քանակ՝ 1345

ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ «ՀՊՏՀ 2015թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները և 2016թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները» հաշվետվությամբ:

Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը հակիրճ ներկայացրեց 2015թ. բուհի գործունեության բոլոր ուղղությունները՝ ուսումնական գործունեությունը և դաստիարակչական աշխատանքները, գիտահետազոտական գործունեությունն ու բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, միջազգային գործունեությունը, հասարակայնության հետ կապերը, գրադարանային և հրատարակչական աշխատանքները, շարունակական կրթությունը, տնտեսական, ֆինանսական գործունեությունը և  մասնաճյուղերի գործունեության հիմնական արդյունքները: «2015թվականը դարձավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012-2016 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման կարևոր փուլը: Ունեցել ենք ձեռքբերումներ գրեթե բոլոր ուղղություններով՝ ուսումնական գործընթացի, կրթության որակի բարելավմանը միտված քայլերից մինչև բուհական միջավայրի արդիականացում և տեխնիկական վերազինում: Հիմնական աշխատանքները կարող ենք առանձնացնել այսպես՝ մրցունակության բարձրացման նպատակով ուսումնական պլանների որոշ մասի նորացում, ուսումնական գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուժեղացում, կրթության որակի ներքին համակարգի ներդրում, գիտահետազոտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում, գիտական հետազոտությունների և ուսումնական գործընթացի միասնացմանն ուղղված միջոցառումների իրականացում, միջազգային գործունեության ակտիվացում, ուսանողների և դասախոսների սոցիալական աջակցության զարգացում, նյութատեխնիկական հենքի կատարելագործում և համալսարանի ներքին բարեկարգման հիմնական աշխատանքների ավարտում»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ որպես կատարված աշխատանքի ընդհանրական գնահատական շեշտադրելով համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման փաստը:

Համալսարանի ղեկավարն անդրադարձավ կրթական գործունեության կազմակերպմանը, կրթական գործունեության ցուցանիշներին, ուսումնամեթոդական աշխատանքներին, ուսանողների ընդունելությանը՝ շեշտելով, որ բացառությամբ առկա բակալավրիատի՝ 2015թ. ուսանողների ընդունելության պլանը չի կատարվել, ընդգծեց կրթության որակի կարևորության մասին՝ շեշտելով համալսարանի հավատարմագրման փաստը, ուսանողների փորձառության կազմակերպման գործընթացում նշեց պետական մարմինների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության կարևորության մասին: Դաստիարակչական աշխատանքների մասին խոսելիս ռեկտորը կարևորեց ՀՊՏՀ ուսանողական խորհրդի առաքելությունը՝ նշելով, որ ուսանողական մարմնի գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել, որի խոսուն վկայությունն այն է, որ 2015թ. «Հայկյան մրցանակաբաշխությունում, որին ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բուհի ուսանողական խորհորդն արժանացել է «Հայկյան» մրցանակի՝ 4-րդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվելով «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին» անվանակարգում:

Համալսարանի սոցիալական ծրագրերի փաթեթը տարեցտարի մեծանում է՝ ընդգրկելով թե՛ ուսանողներին, թե՛ աշխատակիցներին: Կորյուն Աթոյանը շեշտեց կրթաթոշակների և զեղչերի կիրառման մասին, նշեց, որ համալսարանի 330 աշխատակից օգտվում է բժշկական ապահովագրությունից, բարձրացել է անվանական կրթաթոշակառուների թոշակի չափը, տարեկան անվճար կազմակերպվում է 120-ից ավելի ուսանողների հանգիստը, իսկ սույն  թվականի նոյեմբերի 10-ից գիտխորհրդի կողմից հաստատվել և կիրառության մեջ է դրվել «ՀՊՏՀ նորաստեղծ ընտանիքների աջակցման և երիտասարդ ծնողների խրախուսման կարգը», որը նախատեսում է 100-250 հազար դրամ միանվագ խրախուսում:

Գիտահետազոտական գործունեության մասին  ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ 2015 թ. շարունակվել է համալսարանի գիտահետազոտական գործունեության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, բացի ամբիոններից հետազոտություններ են իրականացվել «Ամբերդ» հետազոտական կենտրոնում և գիտաուսումնական խմբերում: 2015թ. համալսարանի գիտնականները ՀՀ Կառավարության աջակցությամբ ձեռնամուխ են եղել ՀՀ նախարարությունների պատվերներով հետազոտությունների ու մշակումների իրականացմանը: Ուսանողների գիտահետազոտական գործունեության մեջ կարևորվեց «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական գիտաժողովի կազմակերպումը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հրատարակչական գործունեությունը տվել է շուրջ 330 մամուլ ծավալով գիտաժողովի և գիտահետազոտական նյութեր, ամսագրեր, մենագրություններ, ուսումնամեթոդական մի շարք նյութեր, իսկ գրադարանային սպասարկման գործում  շարունակվել է գրադարանային ֆոնդի թվայնացումը, ընդլայնվել է գրադարանի համագործակցությունը:

Միջազգային գործունեության մասին ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ ընդլայնվել  են համալսարանի կապերը միջազգային կառույցների և համալսարանների հետ, ստորագրվել են 17 պայմանագրեր և համաձայնագրեր Եվրոպայի և ԱՊՀ առաջատար համալսարանների հետ, ՀՊՏՀ-ն ստացել է 13 նախագծի ֆինանսական աջակցություն (11 ծրագիր «Էրասմուս+1,2»-ից, մեկական՝ Ֆուլբրայթ և Վիզեգրադյան հիմնադրամներից), ՀՊՏՀ-ն դարձել է Եվրասիական համալսարանների ասոցացիայի անդամ, «Տեմպուսի» ծրագրերի շրջանակներում արտասահմանյան համալսարաններ է այցելել ՀՊՏՀ 35 աշխատակից, ՀՊՏՀ-ում հյուրընկալվել է արտասահմանյան համալսարանների 23 ներկայացուցիչ:

«Համալսարանի գործունեության համակողմանի լուսաբանումը, հաշվետվողականության ապահովումը, բուհի դրական կերպարի ձևավորումը և հանրային կապերի ամրապնդման ուղղությամբ շարունակական աշխատանքները նպաստել են ժամանակակից մեդիատարածությունում համալսարանի արդյունավետ դիրքավորմանը»,- ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ հավելելով, որ 2015թ. շարունակվել է համալսարանի գործունեության բոլոր ոլորտների համակողմանի լուսաբանման, հանրության հետ կապերի ամրապնդման տեղեկատվական աշխատանքը համալսարանի պաշտոնական կայքի, Facebook սոցիալական ցանցում համալսարանի պաշտոնական էջի, «Տնտեսագետ» ամսագրի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցության միջոցով:  Ընդհանուր առմամբ, 2015թ. կայքում թողարկվել է շուրջ 500 նորություն, 350 հայտարարություն, լույս է ընծայվել «Տնտեսագետ» պաշտոնական ամսագրի 5 համար, բուհի մասին համալսարանի անդրադարձերը շուրջ 80-ն են: «Տնտեսագետ» ամսագրի խմբագրակազմը շարունակել է աշխատանքը իր որդեգրած կրթադաստիարակչական սկզբունքներով՝ հրապարակելով գիտամշակութային ու լրատվական հանդես, իսկ կայքի լսարանի մեծացումը (2015թ. շուրջ 450.000 այցելու), ռեկտորի խոսքով, վկայում է այն մասին, որ բուհի պաշտոնական կայքը վստահելի ու արժանահավատ տեղեկատվության աղբյուր է համացանցում:

«Համաձայն ՀՊՏՀ զարգացման ծրագրի ակտիվ աշխատանք է կատարվել գիտակրթական գործունեության նյութատեխնիկական հենքի նորացման, համալսարանի արդիականացման, տեխնիկական վերազինման, կրթական տեխնոլոգիաների ներդրման, բարեկարգման ու բարենորոգման աշխատանքների ուղղությամբ, և սա շարունակական ու տեսանելի աշխատանք է»,- նշեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ մանրամասն ներկայացնելով համալսարանի բարենորոգման, արդիականացման ու տեխնիկական հագեցման աշխատանքները:

Համալսարանի ռեկտորը ներկայացրեց նաև 2015թ. բյուջեի կատարման արդյունքներն ու 2016թ. բյուջեի նախագիծը: Նշենք, որ «ՀՊՏՀ 2015թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները  և 2016թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները» հաշվետվությունը արդեն տպագրված է, այն հասանելի է նաև համալսարանի պաշտոնական կայքի «Հաշվետվություններ» խորագրի ներքո. մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/Copy_of_NOR_HASHV.pdf:

Ռեկտորի հաշվետվության ավարտից հետո  ելույթ ունեցան հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին ռեկտորին՝ բուհի անցնող տարվա գործունեության հաշվետվությունը հանգամանալից ներկայացնելու համար, ընդգծեցին՝ համալսարանի գործունեության բոլոր ուղղություններով ձեռքբերումներն ակնառու են ու շոշափելի:

Աշոտ Մաթևոսյանն անդրադարձավ կրթության բնագավառում առկա մարտահրավերներին և կոչ արեց կոլեկտիվին՝ համատեղ և սրտացավ աշխատել՝ դրանք հաղթահարելու համար: Ատոմ Մարգարյանը նշեց, որ կրթական որակի բարձրացման գործում մեծ դերակատարություն ունեն որակյալ դասախոսները և առաջարկեց լավագույն դասախոսներին խրախուսելու մեխանիզմներ ներդնել:  Դեկանները, ինչպես նաև  մակրոէկոնոմիկայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանը առաջարկեցին բավարար գնահատել ներկայացված հաշվետվությունը: Այսպիսով, գիտական խորհուրդը որոշեց հավանություն տալ ՀՊՏՀ 2015թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներին և 2016թ. բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին: Գիտական խորհուրդը որոշեց նաև հաշվետվությունը ներկայացնել համալսարանի խորհուրդ:

Վերջում ռեկտոր Կորյուն Աթոյանը հույս հայտնեց, որ միասնական և համատեղ աշխատանքի արդյունքում համալսարանը կունենա նոր հաջողություններ, ապա շնորհավորեց կոլեկտիվին՝ գալիք տոների կապակցությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին