ՀՊՏՀ 961 ուսանողի ուսման վարձ մասնակի փոխհատուցվել է. մանդատային հանձնաժողովի որոշումը հաստատվեց ռեկտորատում

Դիտումների քանակ՝ 1274

Տնտեսագիտական համալսարանը  դարձել է Վիզեգրադյան ֆոնդի կողմից ֆինանսավորվող ծրագրի կոնսորցիումի անդամ: Այս մասին այսօր մինչ ռեկտորատի օրակարգային հարցերի քննարկումը հաղորդում ներկայացրեց ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը՝ ընդգծելով, որ նշված ծրագիրը հնարավորություն է ընձեռելու մեր համալսարանին ստեղծել և ընդգրկվել գործընկեր համալսարանների ցանցում: Բաժնի պետի խոսքով,  ծրագրի մասնակից համալսարանների ներկայացուցիչները ծրագրի շրջանակներում կանցնեն վերապատրաստում , որից հետո իրենց փորձով կներկայանան իրենց համալսարաններում: Վերապատրաստումները կսկսվեն մայիսից, ուստի Վարդ Ղուկասյանը կարևորեց, որ հատկապես ամբիոնները շատ ակտիվ լինեն: Ծրագրի համակարգողը Երևանի պետական համալսարանն է, որտեղ, ի դեպ, այսօր ժամը 14.30-ին տեղի կունենա հանդիպում՝ նվիրված I-NET (Միջազգայնացման ցանց) ծրագրին, կներկայացվի ցանցի նորաստեղծ կայքը:

Թեմայի շուրջ մեր կայքի նախորդ հրապարակումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://goo.gl/Zftmea, http://goo.gl/YarUkm:

Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի ուսման վարձերի մասնակի փոխհատուցման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ ՀՊՏՀ 961 ուսանողի ուսման վարձ մասնակի փոխհատուցվել է: Այդ թվում 685 ուսանողի ուսման վարձ փոխհատուցվել է 10 տոկոսի սահմաններում (սա վերաբերել է 81 և ավելի ՄՈԳ ունեցողներին), իսկ 276 ուսանողի վարձը փոխհատուցվել է 10 տոկոսից ավելի (սա վերաբերել է 40-80,99 ՄՈԳ ունեցողներին): Մանդատային հանձնաժողովի որոշումը ռեկտորատը հաստատեց:

Դեկանները  զեկուցեցին մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեցող ուսանողների պարտքերի վերահանձնման արդյունքների մասին:

Ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը զեկուցեց 2015-2016 ուստարվա հեռակա բակալավրիատի և հեռակա մագիստրատուրայի 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների և քննաշրջանի մասին: Հաստատված ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով` http://media.asue.am/upload/Karine_jamanakacuyc-2015-2016.pdf

Ընթացիկ հարցերի շարքում քննարկվեցին ուսման վարձերի, բացակայությունների հետ կապված ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին ուղղված դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին