ՀՊՏՀ ուսանողը՝ «Լավագույնները կրթության մեջ» միջազգային հանրագիտարանի հերոս

Դիտումների քանակ՝ 1264

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի  ապահովագրական գործ մասնագիտության առաջին կուրսի ուսանող Գրիգոր Գրիգորյանը կրթության ոլորտում ձեռքբերումների համար,  ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սիսիանի ավագ դպրոցի երաշխավորությամբ,  դարձել է «Լավագույնները կրթության մեջ» միջազգային հանրագիտարանի 2015թ. հերոս: Նշենք, որ հանրագիտարանը Հայաստանի Հանրապետության համար թողարկվում է առաջին անգամ. «Լավագույնները կրթության մեջ» միջազգային հանրագիտարանը համախմբում է Ռուսաստանի, Բեառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Հայաստանի՝ կրթության ոլորտում  ձեռքբերումներ արձանագրած մարդկանց, Հայաստանը նախագծին միացել է այս տարի:

Գրիգոր Գրիգորյանն արժանացել է «Օժտված երեխա» կրծքանշանի և  «Երեխաները մեր ապագան են» անվանակարգում միջազգային 1-ին կարգի դիպլոմի:

Գրիգորը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սովորելը, զարգանալը  կյանքում հաջողությունների հասնելու գրավականն է: Նա դպրոցն ավարտել է գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալով: Դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլերում զբաղեցրել է մրցանակային տեղեր: Ասում է՝ սիրում է բոլոր առարկաները՝ մաթեմատիկա, անգլերեն, աշխարհագրություն , հայոց լեզու…

Մեր ուսանողը նկարչական շնորհ ունի, գերազանցության դիպլոմով ավարտել է Սիսիանի  գեղարվեստի դպրոցը: Գրիգորն արձանագրել է նաև մարզական հաջողություններ. քիք-բոքսինգի հանրապետական առաջնությունում բրոնզե մեդալակիր է:

«Մեծ պատիվ է արժանանալ նման գնահատանքի և պարգևատրվել: Ցանկանում եմ, որ իմ սերնդակիցներն էլ արժանանան այս մրցանակին»,- համեստորեն ասաց Գրիգորը՝ նշելով, որ արդեն ինտեգրվել է համալսարանական կյանքին:

«Մասնագիտանալու համար ընտրել եմ ապահովագրական գործը, որովհետև այն մեր երկրում զարգացող է, ունի մեծ հեռանկարներ: Նպատակ ունեմ սովորել նաև մագիստրատուրայում և աշխատել ապահովագրական ոլորտում»,-նշեց մեր տաղանդավոր ուսանողը:

Մենք զրուցել ենք նաև  վերոնշյալ ծրագրի hայաստանյան ներկայացուցիչ, ծրագրի համակարգող  Շուշանիկ Կարապետյանի հետ, ով ասաց, որ որպես առաջին անգամ մասնակից երկիր՝ Հայաստանը շատ հերոսներ ունի. մեր երկրից  կրթության ոլորտում հաջողություններ արձանագրած անձանց թիվը այս տարի շուրջ  հազար է, ինչը, այլ երկրների հետ համեմատած, հիանալի ցուցանիշ է: Մրցանակներն առաջիկայում կուղարկվեն հայաստանյան ներկայացուցիչներին: Շուշանիկ Կարապետյանի փոխանցմամբ՝ արդեն 16 տարի է, ծրագիրն իրականացվում է:

Ծրագրի վերաբերյալ  մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://bestpeople.name/ :

Շնորհավորում ենք մեր ուսանողին և մաղթում անսպառ ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին