ՀՊՏՀ-ում կայացավ «Տնտեսության պետական կարգավորում» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1788

ՀՊՏՀ-ում այսօր տեղի ունեցավ բուհի մակրոէկոնոմիկայի ամբիոնի «Տնտեսության պետական կարգավորում» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը, ամբիոնի վարիչներ, դեկաններ, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տ.գ.դ.,պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ուսանողներ, հյուրեր՝ Երևանի պետական, Հայաստանի ազգային ագրարային համալսարաններից: Միջոցառման հատուկ հյուրն էր ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախկին աշխատակից, ջավախահայ գործարար Սոս Սահակյանը, ում հովանավորությամբ էլ լույս է տեսել ուսումնական ձեռնարկը:

Ձեռնարկը նախատեսված է բուհերի տնտեսագիտական մասնագիտությունների ուսանողների համար, լույս է տեսել  պրոֆեսոր Իշխան Տիգրանյանի ընդհանուր խմբագրությամբ և ղեկավարությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ Իշխան Տիգրանյանը նշելով, որ ձեռնարկի  հրատարակման համար ծավալուն աշխատանք է իրականացվել:

«Մակրոէկոնոմիկայի ամբիոնը միշտ հոգ է տարել, որպեսզի մեր մասնագիտությունները ապահովվեն  մայրենի լեզվով դասագրքերով և ուսումնական ձեռնարկներով: Ինչպե՞ս ստեղծվեց այս ձեռնարկը. ՀՊՏՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը կազմակերպեց բոլոր ուսումնական ծրագրերի քննարկում: Այդ ընթացքում նա  մեր ծրագրի վերաբերյալ նույնպես արեց որոշակի դիտողություններ և հանձնարարեց ծրագիրը վերակառուցել և ներկայացնել ռեկտորատ: Ներկայացրեցինք, հաստատվեց այդ ծրագիրը և անմիջապես ձեռնարկեցինք աշխատանքները: Ամբիոնի նիստ գումարվեց և հանձնարարվեց ամբիոնի բոլոր անդամներին՝  ասիստենտից մինչև պրոֆեսոր,  որպեսզի նրանք գրեին համապատասխան թեմաներով»,-ասաց Իշխան Տիգրանյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքը հրատարակելուն օժանդակեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախկին աշխատակից Սոս Սահակյանը:Այնուհետև մակրոէկոնոմիկայի ամբիոնի ղեկավարը ներկայացրեց ձեռնարկի կառուցվածքը:

Ելույթ ունեցավ տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը, ով կարևորեց  ձեռնարկի լույս ընծայումը՝ նշելով, որ ամեն անգամ, երբ որ գիրք է լույս տեսնում, հատկապես՝ ուսումնական ձեռնարկ, առանձնահատուկ նշանակություն է ունենում, որովհետև այն սերունդ է դաստիարակում: Անդրադառնալով գրքի թեմային՝ պրոֆեսորը ընդգծեց, որ տնտեսության պետական կարգավորման հիմնահարցերը 20-րդ դարում եղել են տնտեսագիտության առանցքը:

Ելույթներով հանդես եկան ՀՊՏՀ մարքեթինգի ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ  Ծովինար Կարապետյանը, ովքեր  հեղինակային խմբի անդամներ էին: Նրանք անդրադարձան կատարված աշխատանքներին:

Խոսք տրամադրվեց բարերար Սոս Սահակյանին, ով նախ շնորհավորեց ամբիոնի աշխատակիցներին նման լուրջ գիտական հրատարակության առիթով, ապա նշեց, որ  նման  ձեռնարկի հովանավոր լինելը պատվաբեր է: Սոս Սահակյանը նշեց, որ  ինքն ամբիոնի անդամների հետ երկարատև, հիշարժան աշխատանքային հարաբերություններ է ունեցել, ապա հույս հայտնեց, որ ձեռնարկը պահանջված կլինի ուսանողների համար, քանի որ մակրոէկոնոմիկան այսօր լուրջ գիտական և գործնական նշանակություն ունի երկրի տնտեսությունը կառավարման գործում:

Շնորհանդեսն իր ելույթով ամփոփեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ընդգծելով, որ այսօրվա միջոցառումը բուհական կյանքում  լուրջ իրադարձություն է:

«Հասարակարգի համակարգի փոփոխության ժամանակ, երբ անցում կատարվեց նոր շուկայական համակարգին, կարծում եմ, որ ամենաշատ դժվարությունների առաջ կանգնեցինք մենք՝ տնտեսագետներս, նաև  կրթության առումով. բուհում գրեթե ամբողջությամբ փոխվեցին և՛ մասնագիտությունները, և՛ առարկաները, և՛ դասագրքերը, և հնից գրեթե ոչինչ չմնաց: Այսօր բուհի թիվ մեկ խնդիրը ես ինքս համարում եմ  մայրենի լեզվով գրականության պակասը»,- ասաց ռեկտորը՝ շեշտելով սույն ձեռնարկի հրատարակման կարևորությունը: Բուհի ղեկավարը շնորհավորեց գրքի հեղինակներին:

Միանալով բոլոր շնորհավորանքներին՝ գրքի ձեռնարկի հեղինակներին մաղթում ենք նոր հրատարակություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին