Ավարտվեցին ՀՊՏՀ ուսանողների վարպետության դասերը «Հայբիզնեսբանկում». հավաստագրերը հանձնեցին ռեկտորը և բանկի վարչության նախագահը

Դիտումների քանակ՝ 1175

ՀՊՏՀ բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների համար այս օրը հիշարժան էր: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Հայբիզնեսբանկի»  համագործակցության շրջանակներում մեր բուհի բանկային գործ  մասնագիտության 57 ուսանող այս կիսամյակում բանկում մասնակցեցին  վարպետության դասերի, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 19-ին և ավարտվեցին այսօր: Այս կապակցությամբ այսօր բանկում կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, վարչության նախագահի տեղակալ - ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանը, Ուսումնական կենտրոնի տնօրեն Արսեն Հովասափյանը, աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը, դասընթացներին մասնակցած ուսանողները: Ռեկտոր Կորյուն Աթոյանը և  վարչության նախագահ Արսեն Միքայելյանը ՀՊՏՀ-ականներին հանձնեցին հավաստագրերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ նշելով, որ 2012թ., երբ համաձայնագիր ստորագրվեց բանկի հետ, նպատակները շատ էին, բայց արդյունքները տեսանելի չէին: «Այդ պահից սկսած համաձայնագիրը, որը պարունակում է համագործակցության տարբեր ուղղություններ, կարծես թե կյանքի է կոչվում: Համաձայնագիրը պարունակում է «Հայբիզնեսբանկի» և ՀՊՏՀ-ի միջև համագործակցության տարբեր ձևեր: Այդ համագործակցությունը պետք է խորացներ, ըստ էության, բուհ-գործատու կապերը՝ ընդգրկելով կրթական ողջ շղթան», - ասաց ռեկտորը և հավելեց, որ վարպետության դասընթացների անցկացումը հենց «Հայբիզնեսբանկի» նախաձեռնությունն էր, ինչի առիթով ռեկտորը հայտնեց իր շնորհակալությունը: Այս համագործակցության մեջ մեր բուհի ղեկավարը շեշտադրեց փոխադարձ շահագրգրռվածությունը՝ գործատուի համար կարևորելով որակյալ մասնագետներ ներգրավվելու հանգամանքը: Ռեկտոր Կորյուն Աթոյանը հույս հայտնեց, որ «Հայբիզնեսբանկի» այս նախաձեռնությունը վարակիչ կլինի նաև այլ գործատու կառույցների համար՝ հավելելով. «Նման փոխգործակցությունը կարևոր է բոլոր կողմերի համար, ուստի ակնկալում եմ, որ սա լինի շարունակական՝ հանուն մեր ուսանողների, հանուն գործատուների և բուհի, հանուն մեր պետության»:

Ելույթ ունեցավ «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, ով ընդգծեց, որ իրավամբ, գործատուն այսօր որակյալ կադրերի մեծ պահանջարկ ունի:

«Մենք  բանկի անունից մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ՝ պարոն Աթոյան, որովհետև տեսնում ենք, որ  համալսարանը բավականին լուրջ,  բարձր որակի կրթություն է տալիս, քանի որ մենք պրակտիկայի ընթացքում տեսնում ենք ուսանողների ունակությունները: Ասեմ, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում. միայն ձեր կողմից են տրվում այն գիտելիքները, որոնց հիման վրա մենք ուսանողներին անվանում ենք գործընկեր, մեզ  հավասար ենք դիտարկում, որովհետև նրանք արդեն պատրաստ են և ոչնչով մեզնից չեն տարբերվում»,-նշեց վարչության նախագահը՝ ընդգծելով, որ այսօր գիտելիքը բարձր է գնահատվում, հատկապես տնտեսական մարտահրավերներին դիմակայելու պարագայում: Վարչության նախագահի կողմից ՀՊՏՀ ուսանողները դիտարկվեցին  իբրև ապագա գործընկերներ, նա նշեց, որ  բարձր գիտելիքներ, աշխատասիրություն ունեցող շրջանավարտը առանց աշխատանքի չի մնա:

Հավաստագրերի հանձնումից հետո ուսանողներին շնորհավորեց Աննա Ասլանյանը՝ նշելով, որ դա ուսանողների մասնագիտական գիտելիքները վավերացնող առաջին հավաստագիրն է:

Հանդիպումը եզրափակեց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ բուհի և բանկի փոխգործակցությանը մաղթելով բարեհաջող ընթացք:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին, մաղթում մասնագիտական հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին