Խոսքի զարգացումը՝ անգլախոսների ակումբի քննարկման թեմա

Դիտումների քանակ՝ 1127

Անգլախոսների ակումբի հերթական նիստն այսօր կրկին անցավ բովանդակային ու հետաքրքրական: Դասախոսության էր հրավիրված  դոկտոր Պամելա Կարգը, իսկ թեման “Public speaking” –ն էր:

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ Սուսաննա Չալաբյանը, ներկայացնելով բանախոսին, տեղեկացրեց, որ հյուրը՝ դոկտոր Պամելա Կարգը, հայ ուսանողների հետ աշխատելու բավականին փորձ ունի. 2005 թվականից սկսած՝ դասավանդում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսումնական կենտրոնում:

Այս մասին ուսանողներին պատմեց նաև դոկտոր Պամելա Կարգը՝ նշելով, որ դասավանդում է տնտեսագիտություն ուսումնասիրող 3-րդ և 4-րդ կուրսերի հայ և վրացի ուսանողներին:

Բուն դասախոսությունը, որը ներկայացվեց դյուրըմբռնելի ու տպավորիչ կերպով, բանախոսն սկսեց ինտերակտիվ մեթոդով՝ լսարանն անմիջականորեն ներգրավելով արծարծվող թեմայի քննարկմանը:

Հռետորական արվեստ, խոսքի զարգացման առանձնահատկություններ, լսարանը գրավելու հմտություն, անգլերենի իմացության բարելավում՝ որպես գործարարության համընդհանրական լեզու. այս հարցերի հանգամանալից լուսաբանմանն էր նվիրված Անգլախոսների ակումբի այսօրվա նիստը:

Ուսանողները ոչ միայն բանախոսին հարցեր ուղղեցին, այլև իրենք պատասխանեցին առաջադրված մի շարք հարցերի և վերջում շնորհակալություն հայտնեցին ուսանելի ու հագեցած հանդիպման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին