Տնտեսագիտական համալսարանում շարունակվում են միջավայրի արդիականացման ու կրթական տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները (լուսանկարային շարք)

Դիտումների քանակ՝ 1239

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Մենք փոխվում ենք» կարգախոսի ներքո իրականացվող բարեփոխումներն ու բարենորոգումները շարունակվում են: Մեր համալսարանն այս ուսումնական տարին ևս ուսանողներին և աշխատակիցներին ներկայացավ բարեկարգված միջավայրով, արդիական լսարաններով և ուսումնական սրահներով, տեխնիկապես վերազինված:

Համալսարանի գրեթե բոլոր ֆակուլտետներում ամռանը թափ առած վերանորոգման աշխատանքները ավարտվել են ու այսօր ամբողջ համալսարանը բարենորոգված է  և «շնչում է» ՀՊՏՀ բրենդային գույներով: Մեր սիրելի կրթօջախը ավելի է գեղեցկացել, փոխվել են նաև հատակները, աստիճանների բազրիքները, պատուհանագոգերը, երկու ֆակուլտետների մուտքերն ու աստիճանները, ֆոեներն ու սրահները ձևավորվել են բնական ծառերով:

Շարունակվում է նաև կրթական գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրման գործընթացը: Կառավարման ֆակուլտետի լսարաններից մեկում  ներդրվել և արդեն գործարկվել է ինտերակտիվ գերկարճաֆոկուսային պրոյեկտոր, որն ապահովում է կրթական գործընթացի որակական բարձրացում, արդյունավետորեն աջակցում է թիմային աշխատանքին և խմբակային ուսուցմանը՝ շնորհիվ ներդրված ինտերակտիվ գործիքների, և թույլ է տալիս լսարանում ստանալ լիովին ինտերակտիվ լուծում: Գերկարճաֆոկուսային պրոյեկտորն առաջարկում է ֆունկցիաների լայն շրջանակ և թույլ է տալիս անլար ցանցով միացնել մինչև 50 սարք: Այն ապահովում է տեղեկատվության ակնթարթային կոլեկտիվ օգտագործում Miracast տեխնոլոգիայի և NEC DisplayNote ծրագրային ապահովման շնորհիվ, ինչպես նաև միաժամանակյա աշխատանքի համար այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են անոտացիան, քվեարկությունը, և այլն: Ունկնդիրները կարող են դիտել տեղեկատվությունը միաժամանակ 16 սարքերից, իսկ ինֆորմացիան կարող է պրոյեկտորից փոխանցվել վեբ բրաուզերներ: Ուսանողները և դասախոսական կազմը կարող են նշումներ կատարել ցանկացած պատի կամ գրատախտակի վրա՝ առանց համակարգչի օգտագործման: Այս համակարգը դուալ է, այսինքն՝ լուսապատկերը լսարանի երկու կողմերում է և մեկի վրա աշխատելիս, արդյունքը տեսանելի է նաև երկրորդում:

Նիստերի սրահում ներդրվել է աուդիոկոնֆերանսի համակարգ՝ միկրոֆոններով և համապատասխան սարքավորումներով: Ֆինանսական ֆակուլտետում գործարկվել է հայտարարությունների էլեկտրոնային տախտակ, որը անհրաժեշտ ինֆորմացիան արագ կերպով հասանելի է դարձնում հետաքրքրվողներին:

Համակարգչային քննասենյակները հագեցել են տեխնիկական նոր սարքավորումներով, տեսախցիկներով, ինչը միտված է քննություններն ավելի թափանցիկ դարձնելու նպատակին: Ռեկտոր Կորյուն Աթոյանն օն-լայն ռեժիմով հետևում է քննական գործընթացին:  Նոր ուսումնական տարում համալսարանը ձեռք է բերել 60 նոր համակարգիչ՝ լաբորատորիաները, գրադարանը և աշխատասենյակները տեխնիկապես վերազինելու համար: Ձեռք է բերվել նաև 1 պլաստիկ քարտի տպիչ, որն անհրաժեշտ է գրադարանային սպասարկումը բարելավվելու համար: «Տնտեսագետ» հրատարակչության համար ձեռք է բերվել նաև տպագրական պրոֆեսիոնալ մեքենա՝ սև-սպիտակ տպագրության համար: Հիշեցնենք, որ գունավոր տպագրության համար պրոֆեսիոնալ տպագրության սարք համալսարանը ձեռք էր բերել դեռ մի քանի տարի առաջ:

Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում վերանորոգվել և պատրաստվել է մուտքի մեկ նոր կետ՝ նոր պտտադռնակով: Այս նոր մուտքը, որը կգործի առաջիկայում, բավական կբեռնաթափի գլխավոր և ֆինանսական մասնաշենքերի մուտքերը:

Հիշեցնենք նաև, որ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ՀՀ ՊՆ, ՀՊՏՀ ղեկավարության և ՀԵՀ աջակցությամբ համալսարանում բացվել է հրաձգարան:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, անդրադառնալով կատարված աշխատանքներին, նշեց. «Յուրաքանչյուր ուսումնական տարի մեր համալսարանը սկսում է նորույթներով՝ միջավայրի արդիականացումից մինչև տեխնիկական վերազինում: Այս բոլոր քայլերի նպատակը մեկն է՝ ուսանողների համար ավելի բարենպաստ դարձնել ուսումնական գործընթացը, կրթական միջավայրը, իսկ աշխատակիցների համար գրավիչ դարձնել աշխատավայրը: Համալսարանը բոլոր ուղղություններով ուժեղացնելն ու մրցունակ դարձնելը մեր գերնպատակն է, որին ուղղված մեր քայլերը շարունակական են: Պետք է կարողանանք հասնել նրան, որ կրթօջախի զորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները նպաստեն կրթության որակի բարձրացմանը»:

Համալսարանի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ օրակարգում է լսարանային գույքի թարմացման խնդիրը, այս պահին փնտրվում է լավագույն, ժամանակակից լուծումը:

Լուսանկարները շարունակեք դիտել այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին