Աննախադեպ է սպորտի և մշակույթի դերը մարդկության պատմության մեջ. տեղի ունեցավ «Ուսանողական աշուն-2015»-ի հանդիսավոր բացումը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1076

Մեր համալսարանի մարզադահլիճում այսօր տեղի ունեցավ «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնի հանդիսավոր  բացումը, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, մեր համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսները՝ ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի գլխավորությամբ, ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Փառատոնի տոնական շքերթը բացեց Հայաստանի գործող չեմպիոն ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը, որից հետո մարզադահլիճ մտան «Ուսանողական աշուն-2015»-ի մասնակից 7 ՝ ՀՊՏՀ 6 ֆակուլտետների և Կոնսերվատորիայի թիմերը:

Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային առաջնությունների մասնակից ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի ավագ Կարեն Անդրեասյանը թիմի չեմպիոնական գավաթը հանձնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին (հիշեցնենք, որ այս տարի ՀՊՏՀ ֆուտզալի թիմը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն է):

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ  մեր համալսարանը, պահպանելով հին ու բարի ավանդույթները, ձևավորել է նոր, հրաշալի ավանդույթներ:

«Արդեն որերորդ տարին է՝ մեր համալսարանում անցկացվում են «Ուսանողական գարուն», «Ուսանողական աշուն» փառատոնները: Ես ուզում եմ նշել, որ մեր ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող այս հրաշալի միջոցառումներին իր մեծ աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ինչի կապակցությամբ իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր պարոն Ավագյանին: Հարգելի ներկաներ, ես չէ, որ պետք է արժևորեմ սպորտի ու մշակույթի դերը մարդկության պատմության, պետությունների զարգացման ու կայացման գործում. այդպիսին է նաև սպորտի և մշակույթի դերը բուհական համակարգում, քանզիև համալսարանները կոչված են ոչ միայն  բուհական կրթություն տալու, այլև այստեղ է ձևավորվում երկրի ապագա քաղաքացին, այստեղ է ձևավորվում ապագա քաղաքացու արժեքային համակարգը: Եվ այստեղ իր շատ մեծ դերակատարությունն ունեն սպորտն ու մշակույթը»,-ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ հավելելով, որ մեր համալսարանը մեծ  հաջողություններ է արձանագրում սպորտում և ինտելեկտուալ խաղերի միջոցառումներում, ապա ընդգծելով ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի հաջողությունները:

ՀՊՏՀ ռեկտորը հատուկ ողջունեց Կոնսերվատորիայի ուսանողներին, ովքեր այս տարի մասնակցում են մեր բուհում անցկացվող փառատոնին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ նմանատիպ միջոցառում վաղուց չի անցկացվել մեր հանրապետությունում: «Տարեցտարի առաջ է գնում մեր ուսանողական սպորտը, աճում է, ապրում է: Սիրելի ուսանողներ, դուք եք այսօր կերտում մեր ապագան, մեր հայրենիքի ապագան, և մենք վստահում ենք ձեզ: Դուք ձեր գիտելիքներով, կարողություններով պետք է առաջ տանեք, պետք է հզոր պահեք մեր երկիրը» , -ասաց նախարարը՝ կարևորելով սպորտի դերը, և կոչ անելով ուսանողներին առողջ լինել, զբաղվել ֆիզկուլտուրայով:  «Դուք պետք է օրինակ ծառայեք այլ բուհերին: Ես գիտեմ, որ իզուր չէ, որ մինի ֆուտբոլի թիմը դարձել է Հայաստանի չեմպիոն. դա ևս մեծ  արդյունք է: Ձեզ ցանկանում եմ բարի երթ և թող հաղթի ուժողագույնը»,-ելույթը եզրափակեց նախարար Գաբրիել Ղազարյանը:

Ողջույնի խոսք ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:  «Տնտեսագիտական համալսարանի ձեռքբերումները ուսանողական կյանքում բավականին շատ են, և պատահական չէ, որ ունիվերսիադաներում, համաշխարհային սպասված ուսանողական միջոցառումներում նաև իրենց  ուրույն տեղն ու մասնակցությունն ունեն ձեր ուսանողները: Տնտեսագիտական համալսարանի ուսանողական կառույցն առանձնանում է իր կազմակերպվածությամբ: Հավատացեք, տարիներ առաջ նմանատիպ միջոցառումներ իրականացվում էին շատ հազվադեպ և մեծ դժվարությամբ»,-ընդգծեց Կարեն Ավագյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ ՈւԽ-ն հաճախակի կազմակերպվող այս միջոցառումներով  կարողանում է առանձնացնել լավագույններին, հետաքրքիր դարձնել ուսանողական կյանքը, իսկ եթե կան նաև պրոֆեսիոնալներ (մարզիկներ), նրանք ջանում են մասնակցել տարբեր ունիվերսիադաների: Կարեն Ավագյանը համալսարանի ուսանողական խորհրդի հաջողությունները պայմանավորեց նաև համալսարանի վարչակազմի աջակցությամբ և շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավար Կորյուն Աթոյանին՝ ուսանողներիննման բարձր ուշադրության արժանացնելու համար:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը նույնպես ողջունեց ներկաներին: Նա իր ուրախությունը հայտնեց, որ Կոնսերվատորիայի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու նաև մարզական միջոցառումների, քանի որ նրանց հիմնականում տեսնում է մշակութային բեմերի վրա:

Փառատոնի հանդիսավոր բացման միջոցառումը եզրափակեց ՀՊՏՀ ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը, ով իր ելույթում նշեց, որ այս տարի փառատոնն առանձնացել է  2 կարևոր հանգամանքով. առաջին անգամ այս փառատոնի շրջանակներում անցկացվեց հրաձգության առաջնություն՝ համալսարանի հրաձգարանում, և երկրորդ՝ փառատոնում ընդգրկվել են նաև Կոնսերվատորիայի ուսանողները:

Հիշեցնենք, որ  «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնն անցկացվում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնի մարզական խաղերն անցկացվում են ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի աջակցությամբ: Փառատոնի մեկնարկը տրվել էր նոյեմբերի 18-ին, միջոցառումները կտևեն 1 ամիս, արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 18-ի եզրափակիչ գալա համերգում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին