Ֆուտզալի նոր մրցաշրջանի մեկնարկ և նախորդի ամփոփում. չեմպիոնական գավաթը հանձնվեց ՀՊՏՀ ռեկտորին

Դիտումների քանակ՝ 1147

Նոյեմբերի 14-ին «Դինամո» մարզադահլիճում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է ՀՀ ֆուտզալի 2015-2016 թթ. բարձրագույն խմբի առաջնությունը, որին ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ ներկա էին ՀՊՏՀ  ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, ՀՊՏՀ ֆուտզալի թիմը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանի ողջույնի խոսքից հետո ՀՀ ֆուտզալի 2015-2016 թթ. բարձրագույն խմբի առաջնության բրոնզե և արծաթե մեդալներով պարգևատրվել են «Գյումրի» և «Թալգրիգ» թիմերի ֆուտբոլիստներն ու մարզչական կազմը:

Չեմպիոնական ոսկե մեդալներով, ՀՖՖ պատվոգրերով է պարգևատրվել  ՀՊՏՀ թիմը, իսկ չեմպիոնական գավաթը ՀՖՖ ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հանձնել է ռեկտոր Կորյուն Աթոյանին: Լավագույն ռմբարկուի մրցանակը՝ «Ոսկե խաղակոշիկը», պատվոգիրը և դրամական պարգևը ՀՊՏՀ թիմի ֆուտբոլիստ Անդրանիկ Կարապետյանին է հանձնել Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը:

Նույն օրը կայացել է անդրանիկ խաղը. ՀՊՏՀ թիմը 12:3 հաշվով հաղթել է «Արթիկ»  թիմին:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին այս մասին տեղեկացրեց Հովհաննես Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ մեր համալսարանի հավաքականը լավ մարզավիճակում է, համալրվել է նոր ուսանող-մարզիկներով և տրամադրված է լավագույն արդյունքների:

«Մեր հավաքականը հաղթական է տրամադրված և պատրաստ է արդարացնել իր երկրպագուների սպասելիքները, քանի որ նրան սատարում է և՛ բուհի ղեկավարությունը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, և՛ ուսանողական խորհուրդը, և՛ բոլոր համալսարանականները»,- ասաց ամբիոնի ղեկավարը:

Ֆուտզալի ՀՊՏՀ հավաքականին մաղթում ենք նոր հաղթանակներ ու մարզական հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին