ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովում. ինովացիան՝ կայուն զարգացման ուղղորդիչ մոդել

Դիտումների քանակ՝ 1313

«Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում» խոսուն և խոստումնալից այս խորագրով այսօր ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում իր աշխատանքն սկսեց Տնտեսագիտական համալսարանի 25-րդ գիտաժողովը: Հայաստանյան տնտեսագիտական միտքը համախմբող գիտաժողովին ներկա էին ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը,  ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը, պատվավոր այլ հյուրեր, համալսարանի պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ողջունելով երկրի վարչապետին, նախարարներին, բոլոր հյուրերին ու մասնակիցներին՝ լիագումար նիստը բացեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Նշելով, որ գիտաժողովը հավակնում է հանրությանը ներկայանալ որպես տնտեսագիտական հարցերի հետևողական ու համակողմանի քննարկման  հարթակ՝ ռեկտորն ասաց. «Մեզ համար կարևոր ու առաջնային է՝ հանդես գալ սկզբունքային ու կառուցողական գաղափարներով, վերլուծություններով, անաչառ տեսակետներով: ՀՀ Կառավարությունը մեզանից սպասելիքներ ունի, իսկ մենք մեր հերթին պետք է գիտակցենք մեր ներուժը դրսևորելու անհրաժեշտությունը, որպեսզի ի հայտ բերենք գիտական ու հետազոտական բարձր արդյունքներ՝  լուծելու համար երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական հիմնա­խնդիր­ները, նախանշելու զարգացման  նոր ու իրատեսական հեռանկարներ»:

ՀՊՏՀ ղեկավարը գիտաժողովի աշխատանքներին մաղթեց ստեղծագործական ընթացք, որը մի նոր ձեռքբերում կամրագրի համալսարանական գիտության զարգացման ճանապարհին: Ռեկտորի ողջույնի խոսքին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ: Այնուհետև Կորյուն Աթոյանը հարթակը  տրամադրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Ողջունելով ՀՊՏՀ գիտաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ՀՀ կառավարության ղեկավարը ասաց, որ քաջատեղյակ է համալսարանում իրականացվող հետազո­տություններին և գոհունակություն հայտնեց, որ ՀՀ Կառավա­րության տնտեսական զարգացման քաղաքականության շրջա­նակ­նե­րում սահմանված գերակայութ­
յունները համալսարանի պրո­ֆե­­սո­րադա­սա­խոսական համակազմի, ասպիրանտ­ների և ուսանող­ների ուշա­դրու­թ­յան կենտրոնում են:

Ուրախալի է, որ դեռևս 2011 թ. ՀՊՏՀ գիտխորհրդի կող­մից հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական հա­մալսարանի 2011-2017 թթ. գիտահետազոտական և նորաստեղ­ծա­կան զարգաց­ման հայեցակարգում սահմանված նպատակներն աստի­ճա­նաբար կյանքի են կոչ­վում: Շարունակվում են գիտական գործունեու­թյան ինստիտուցիոնալ կարողություն­ների զարգացման աշխա­տանք­ները, ինչի վկայությունն են նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, մոտ ժամանակներս ստեղծվելիք գիտաուսումնական լաբորատորիաները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը՝ հատկանշելով, որ համալսարանական գիտությունը պետք է զարգանա մյուս բնագավառներից առաջանցիկ տեմպերով, և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը պետք է լինի կառավարության հենասյունը տնտեսության զարգացման գործում:

«ՀՀ Կառավարությունն առաջնորդվում է տնտեսության մրցունակության բարձրացման, շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով և գիտելիքահենք տնտեսություն կառուցելու անհրաժեշտությամբ: Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիների զարգացման բնագավառում, որտեղ տարեկան միջինը
գրանցվում է 25% աճ: Այս ամենի արդյունքում ներկայում ունենք համապատասխան ներուժ և բոլոր անհրաժեշտ նախադրյալները տարածաշրջանում կարևոր դերակատար դառնալու համար: Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում ինովացիոն էկոհամակարգի զարգացման համար, մասնավորապես, իրականացրել ենք մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ինովացիոն ոլորտի իրավական դաշտի կատարելագործմանը, ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորմանն ու զարգացմանը, ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների, հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև առկա նորարարական և բիզնես կարողությունների զարգացմանը: Մենք պատրաստ ենք աջակցել ինովացիոն բոլոր այն ընկերություններին, որոնք ստեղծում են նոր ապրանքներ, ծառայություններ և շուկաներ», - ասաց վարչապետը:

Իր ելույթի ավարտին Հովիկ Աբրահամյանը արդյունավետ աշխատանքային ընթացք ցանկացավ գիտաժողովի աշխատանքներին և «գիտական այնպիսի արդյունք, որը կդառնա նոր օրերի տնտեսական կյանքի բարենորոգման գրավականը»:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը «Հայաստանի տնտեսության ինովացիոն զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով զեկուցումը սկսելուց առաջ իր ուրախությունն արտահայտեց հարազատ կրթօջախում ամենապահանջված, ամենախորքային ու ամենահեռանկարային թեմաները քննարկելու պատեհության համար: Նա տեղեկացրեց, որ պատիվ ունի ներկայացնելու ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ռազմավարություն. ինովացիոն առաջընթացի ուղին» փաստաթղթի երկրորդ լրամշակված նախագիծը: Նախարարն իր ելույթով պատասխանեց իր իսկ առաջադրած  այն հարցադրումներին, թե ինչու ենք մեր առաջընթացը տեսնում ինովացիոն զարգացման ճանապարհով, որն է մեր երկրի տնտեսական զարգացման հեռանկարը, ինչի վրա պետք է հիմնված լինեն մեր գործողությունները:

«Մեր վերլուծություններն ու գնահատականները միանշանակ հանգում են նրան, որ Հայաստանի զարգացման ողջ վեկտորը այսուհետև ինովացիոն զարգացման միջոցով գիտելիքահենք տնտեսության ձևավորումն ու կայացումն է: Որքան էլ տարբեր մոտեցումներ լինեն զարգացման առանձին ասպեկտների վերաբերյալ, երկրների առաջընթացի արդյունքներն ու օրինաչափությունները, համաշխարհային տնտեսության ներկա իրողությունները, Հայաստանի զարգացման միտումները, հնարավորություններն ու սահմանափակումները հաշվի առնելով, գիտելիքահենք տնտեսությունն ընդունվում է որպես երկարաժամկետ կայուն զարգացման ուղղորդիչ մոդել, որի առանցքային գործոնը գաղափարներն են, իրացման ճանապարհը` ինովացիան և ինովացիոն զարգացումը, հիմնական մարտահրավերը՝ գաղափարների խզվածքի հաղթահարումը», - ասաց նախարարը:

Այնուհետև «Բարձրագույն կրթության և տնտեսական զարգացման փոխառնչությունները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ Կորյուն Աթոյանը՝ իր ելույթում շեշտը դնելով բարձրագույն կրթության դերին ազգային նորաստեղծական համակարգում:

«Որպես ներկա տեխնոլոգիական առաջընթացի և գիտելիքատար աշխատանքի հետևանք՝ տնտեսական և սոցիալական զարգացումն ավելի մեծ չափով է հիմնվում մարդկային կապիտալի զարգացման վրա, ինչը նշանակում է, որ գլոբալացվող ու գիտելիքահենք տնտեսությունում մեծանում է բուհերի դերը գիտելիքի ստեղծման, գիտելիքի ու նոու-հաուի տարածման գործում»,- ասաց ռեկտորը:

Առաջին լիագումար նիստն ավարտվեց աշխատանքային մթնոլորտում, ՀՀ էկոնոմիկայի նախարարը սիրով պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին