Ռեզյումե, գործնական նամակ, հարցազրույց. քննարկվեց անգլախոսների ակումբում

Դիտումների քանակ՝ 1607

ՀՊՏՀ անգլախոսների ակումբի անդամների հերթական  հանդիպումն այսօր էր: Ուսանողների համար բանախոսությամբ կրկին հանդես եկավ «ԱՄՆ Խաղաղության կորպուս/Հայաստան» կամավորական կազմակերպության  անդամ Բրայան Սալիբան, ով նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում դասավանդում է անգլերեն և մասնաճյուղի  Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիրներից է (մարտի 16-ին Բրայան Սալիբան ակումբի անդամներին ներկայացրել էր  «Ինչպես զարգացնել շնորհանդեսներ պատրաստելու հմտությունները» թեմայով դասախոսություն):

Ուսանողներն այսօր ունկնդրեցին «Գործարար հմտություններ. աշխատանք, ինքնակենսագրություն, հարցազրույց» խորագրով դասախոսություն, որի ընթացքում Բրայան Սալիբան ներկայացրեց հաջող ռեզյումե կազմելու, գործնական նամակ գրելու և հարցազրույցի մասնակցելու մի շարք հմտություններ:

Մեջբերելով «Ռեզյումեն հարցազրույցի հնարավորություն ստանալու համար է, հարցազրույցը՝ աշխատանքի» արտահայտությունը՝ բանախոսը փորձեց բացատրել, թե ինչ  նպատակ ունի ռեզյումեն, ինչ  տեղեկույթ պետք է արտահայտի, այնուհետև նշեց այն հիմնական տեղեկությունները, որոնք պետք է արտացոլվեն ռեզյումեում, այն է՝ կրթության, հմտությունների, փորձի և լեզուների իմացության մասին: Այնուհետև նշվեց ռեզյումե կազմելու, այսպես ասած, ոսկե կանոնը՝ «ոչ մի սխալ» շարադրանքում: Բանախոսը հորդորեց ուսանողներին հիշել, որ ռեզյումեն կենսագրություն չէ, այլ գիտելիքներն ու հմտությունները ամփոփ արտահայտող միջոց, որը ստանում է գործատուն: Գործնական նամակի վերաբերյալ  հիմնականում նշվեց, որ  այն պետք է լինի սեղմ և արտահայտի աշխատանք փնտրողի ցանկությունը, ակնկալիքը: Իսկ  հաջող հարցազրույց ունենալու համար պետք է պատրաստ ներկայանալ. շեշտեց Բրայան Սալիբան, ապա թվարկեց մի քանի պայման՝ սահուն, հստակ խոսք, հավասարակշիռ կեցվածք, պատշաճ հագուստ և այլն:

Դասախոսության նյութը մատուցվեց պատկերավոր օրինակներով և  հարցուպատասխանով: Ուսանողները զարգացրեցին և' իրենց անգլերենի հաղորդակցային հմտությունները, և' ձեռք բերեցին  անհրաժեշտ գիտելիքներ՝ կարիերա կերտելու ճանապարհին: Այսօրվա դասախոսությունն ունկնդրելու էին եկել նաև ՀՊՏՀ օտարերկրացի ուսանողներ:

Նշենք, որ սա ՀՊՏՀ անգլախոսների ակումբի գործունեության շրջանակներում կայացած այս ուսումնական տարվա առաջին հանդիպումն էր: Ակումբը համախմբում է մեր բուհի այն ուսանողներին, ովքեր ունեն անգլերենի իմացության բարձր մակարդակ: Ակումբի անդամ են տարբեր ֆակուլտետների և կուրսերի շուրջ 5 տասնյակ ուսանողներ: Հանդիպումների ընթացքում հրավիրված բանախոսները և ուսանողները անգլերենով   քննարկում են հետաքրքիր թեմաներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին