Քաղցր անակնկալ՝ տոնին ընդառաջ

Դիտումների քանակ՝ 2031

Ուսանողության միջազգային տոնին ընդառաջ՝ այսօր ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում 1-ին դասին մատուցվեց հաճելի անակնկալ. մեր համալսարանի  ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում ուսանողները համտեսեցին խորհրդանշական տորթեր, ստացան շնորհավորական բացիկներ:

Վաղ առավոտյան, ուսանողական խորհրդի ներկայացուցիչները, այցելում էին ֆակուլտետներ, կարճատև ընդմիջում դասը և մեկական տորթ նվիրում ամեն լսարանին, շնորհավորում նրանց գալիք Ուսանողության տոնի առթիվ, մաղթում ուսումնական հաջողություններ: ՈւԽ անդամները նաև ջերմություն,  ժպիտներ էին  փոխանցում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ առաջին անգամ  բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողներն իրենց տոնի առիթով նման յուրօրինակ շնորհավորանք են ստանում:

«Բոլոր ֆակուլտետներում, այդ թվում և Զեյթունում գտնվող ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում,  բաժանվել է 140 տորթ: Նշեմ, որ այսօրվանից մեր բուհում մեկնարկեցին Ուսանողության տոնին նվիրված միջոցառումները: Տոնի առիթով ՀՊՏՀ ուսանողները նաև նվեր կստանան ՀԵՀ-ից՝ նոյեմբերի 10-ին  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ռուսական էստրադայի հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի համերգի հրավիրատոմս»,-ասաց ՈւԽ նախագահը:

Անակնկալը հուզեց ուսանողներին և դասախոսներին, բոլորը մի պահ կտրվեցին դասից, հերթական անգամ վայելեցին  ուսանողի բարձր կոչումը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին