ՀՊՏՀ ուսանող Կարեն Մարտիրոսյանը՝ մաս-ռեստլինգի աշխարհի չեմպիոն

Դիտումների քանակ՝ 1530

ՀՊՏՀ մարքեթինգի և  բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա ուսուցման 4-րդ կուրսի ուսանող Կարեն Մարտիրոսյանը դարձել է մաս-ռեստլինգ մարզաձևի աշխարհի առաջնության հաղթող: Առաջնությունը հոկտեմբերի 24-25-ին անց է կացվել Երևանում ,«Միկա» մարզահամալիրում:  Մասնակցել են շուրջ 10 երկրների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացանք Կարենի հետ զրույցից,  մեր հանրապետությունում տարածում ստացող մաս-ռեստլինգ մարզաձևը հանրաճանաչ դարձնելու ուղղությամբ Հայաստանի մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը և փոխնախագահ  Կարեն Մարտիրոսյանը մեծ ջանքեր են ներդնում, որի վառ ապացույցն է աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու նախադեպը:

Կարեն Մարտիրոսյանը աշխարհի չեմպիոնի կոչմանն է արժանացել 70 կգ քաշային կարգում հաղթելով նախորդ տարվա աշխարհի փոխչեմպիոնին՝ Միխայիլ Կովալիկին: Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=x0CfuuheTMw

Ի դեպ, աղջիկների և տղաների մրցաշարերում և տարբեր քաշային կարգերում ընդհանուր թվով Հայաստանը նվաճել է  11 մեդալ, որից 1-ը՝ ոսկի, 3-ը՝ արծաթ, 7-ը՝ բրոնզ:

Կարենը շարունակում է հետևողականորեն մարզվել և իր երկու մարզիչների՝ Արտավազդ Նալբանդյանի և Գագիկ Տոնոյանի ղեկավարությամբ պատրաստվել առաջիկայում Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնության վերջնական, որոշիչ փուլին:

Շնորհավորում ենք Կարենին, մաղթում նորանոր հաջողություններ, բացարձակ չեմպիոնի տիտղոս:

Հ.Գ. Մեզ հետ զրույցից հետո աշխարհի չեմպիոնը ցանկություն հայտնեց առաջնության հաղթողի խորհրդանշական մրցանակը նվիրաբերել ՀՊՏՀ թանգարանին, որտեղ քիչ անց այն տեղ գտավ համալսարանի մարզական մյուս պարգևների կողքին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին