Խորհրդակցություն՝ գիտաժողովին ընդառաջ

Դիտումների քանակ՝ 1282

Նոյեմբերի 11-13-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայանալիք «Գիտելիք, նորաստեղծություն և զարգացում»  խորագրով XXV գիտաժողովին ընդառաջ՝ այսօր ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նախանշելու գիտաժողովին առնչվող բովանդակային և կազմակերպական անելիքները:

Խորհրդակցությանը ներկա էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Ավետիսյանը, գիտության բաժնի պետ
Խորեն Մխիթարյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ՀՊՏՀ ամբիոնի վարիչներ, դեկաններ:

Իր խոսքում Կորյուն Աթոյանը կարևորեց գիտաժողովին ամբիոնների ակտիվ մասնակցությունը և այդ գործում վարիչների հետևողական ու խստապահանջ դերակատարումը: Ռեկտորը տեղեկացրեց, որ գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ապա ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, իսկ առաջին լիագումար նիստում «Հայաստանի տնտեսության ինովացիոն զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով կբանախոսի ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը:

«ՀՊՏՀ 25-րդ գիտաժողովը հավակնում է տնտեսագիտական հարցերի քննարկման հարթակ ներկայանալ հանրությանը, և բոլորս մեր առջև խնդիր ունենք հանդես գալու սկզբունքային ու հետևողական գաղափարներով, վերլուծություններով, անաչառ տեսակետներով և այլն: ՀՀ Կառավարությունը մեզանից սպասելիքներ ունի, իսկ մենք մեր հերթին պետք է գիտակցենք մեր ներուժը դրսևորելու անհրաժեշտությունը», - ասաց ռեկտոր Կորյուն
Աթոյանը և շեշտադրեց նաև, որ պետք է համագործակցությունն ուժեղացնել հանրապետության մյուս բուհերի տնտեսագետների հետ և ջանքերը միավորել տնտեսագիտական ծանրակշիռ արդյունք ներկայացնելու գործում:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը իր խոսքում մասնավորապես կանգ առավ հրապարակումների հետ կապված խնդրի վրա, կարևորեց գիտաժողովին ներկայացված զեկուցումների՝ ամբիոնների կողմից երաշխավորված լինելը, հետագայում դրանց հավաքագրումն ավելի արագ կազմակերպելը, բաժանմունքների աշխատանքում ստեղծագործական մթնոլորտ ապահովելը՝ զեկուցում, քննարկում, բանավեճ, հարցուպատասխան: Նա ներկայացրեց գիտաժողովի արդեն հրատարակված ծրագիրը, բեմահարթակի համար նախատեսված մեծ պաստառի նախնական օրինակը և առաջարկեց քննարկել այն:

«Մեր ամենամյա գիտաժողովը կարող է անգամ վերածվել տնտեսական համաժողովի, որը վեր կհանի ոչ միայն համալսարանի, այլև հանրապետության տնտեսագետների ներուժը և ճանապարհ կհարթի նոր, ստեղծարար գաղափարների ու գործունեության համար», - նշեց Գագիկ Վարդանյանը:

Այնուհետև Հայկ Սարգսյանը ընդգծեց տնտեսագիտական մայր համալսարանի գործընկերների հետ համատեղ ստեղծագործական ու աշխատանքային ընթացքում միասնանալու և հայ տնտեսագետի պատիվը բարձր պահելու անհրաժեշտությունը:

ՀՊՏՀ  միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մելքումյանը հատկանշեց, որ տնտեսագետները իրենք պետք է վաստակեն իրենց հարգանքը և հասարակական հնչեղություն ունեցող հիմնական ու սկզբունքային խնդիրները քննարկեն նախ ներսում, ապա արդյունքը դուրս ուղղեն և հանրայնացնեն:

Փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ Արամ Սարգսյանը նշեց, որ ՀՊՏՀ-ում շատ են բանիմաց տնտեսագետները, որոնք ի զորու են վերլուծել տնտեսագիտական կարևորագույն հիմնախնդիրները, ու բարձրաձայնել դրանց  մասին:

Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը նշեց, որ ըստ էության, այս գիտաժողովը միջազգային է, և այս ուղղությամբ գալիք գիտաժողովներում պետք է «վեկտորը մեծացնել», ինչպես նաև կիրառել հեռակա մասնակցության ձևաչափը, որն  ընդունված է աշխարհում:

Եզրափակելով խորհրդակցությունը՝  ռեկտոր Կորյուն Աթոյանը առաջարկեց և պատարաստակամություն հայտնեց գիտաժողովի ավարտից հետո կրկին հավաքվել, կառուցողական ուղիներ ձևավորել միասնական ու  արդյունավետ գործունեության համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին