Արդյունքների ամփոփում. տեղի է ունեցել HEN-GEAR ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը

Դիտումների քանակ՝ 1155

Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է Եվրոպական Միության Տեմպուսի «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» (HEN-GEAR) ծրագրի ամփոփիչ կոնֆերանսը, որին ներկա են  եղել  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը,որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ով վերոնշյալ ծրագրի համակարգողն է ՀՊՏՀ-ում, ուսումնամեթոդական աշխատանքների և աշխատաշուկայի հետ համագործակցության բաժնի պետ Գայանե Մերդինյանը, որակի ապահովման բաժնի աշխատակիցներ: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից:

Ողջույնի խոսքով հանդես է եկել  ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով ընդգծել է ծրագրի գերնպատակը, այն է՝ բարձրացնել կրթության որակը, ուժեղացնել ուսումնական գործընթացի և աշխատաշուկայի կապը, ուսանողների և շրջանավարտների ծառայողունակությունը: «Համալսարանները աստիճանաբար պետք է հաղթահարեն հարաբերական մեկուսացումը և դառնան ոչ միայն բաց համակարգեր այլ նաև կամրջեն կրթությունը և աշխատաշուկան: Այս գործընթացներում պետք է ընդգրկվեն կրթության բոլոր շահակիցները` ուսանողները, գործատուները, շրջանավարտները, ծնողները, պետական և հասարակական կազմակերպությունները, այլ խոսքով՝ ամբողջ հասարակությունը»,- ասել է  ռեկտորը:

Կորյուն Աթոյանն իր ելույթումշնորհակալություն է  հայտնել բոլոր գործընկերներին՝ ծրագրի բարեհաջող իրականացման և համագործակցության համար, շեշտել ծրագրի արդյունավետ կառավարումը, հատուկ շնորհակալություն հայտնել ծրագրի համակարգող Լուիզա Մենգոնիին, Ալմա Լաուրեայի աշխատակազմին և ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ ծրագրի նպատակն էր Հայաստանում հիմնել շրջանավարտների առաջարկն ու պահանջարկը հավասարակշռող համալիր մոդել՝ հիմնված շրջանավարտներին վերաբերող տեղեկատվական բազայի ստեղծման վրա: HEN-GEAR ծրագրի շրջանակներում ՀՀ 8 բուհերում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի պետական

համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Գավառի պետական համալսարան, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտ) շրջանավարտների կողմից էլեկտրոնային հարցաթերթերի լրացման շնորհիվ ստեղծվել է շրջանավարտների բազա, որը հասանելի է HEN-GEAR պորտալում գրանցվող գործատուներին։ Բացի շրջանավարտների առցանց ինքնակեսագրականներից (CV), բազան պարունակում է
ընդարձակ տեղեկատվություն համալսարանի գործունեության վերաբերյալ շրջանավարտների վերաբերմունքի, բավարարվածության, ակնկալիքների մասին։

Լուսանկարները տրամադրել է ՀՊՏՀ որակի ապահովման բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին