Մեր ուսանողը նվաճել է բազկամարտի աշխարհի չեմպիոնի կոչումը

Դիտումների քանակ՝ 1285

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Վահան Տեր-Բալյանը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում անցկացված  (սեպտեմբեր-հոկտեմբեր) բազկամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը: Մինչև 18 տարեկանների 65 կգ քաշային կարգում Վահան Տեր-Բալյանը ձախ ձեռքի մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ, իսկ աջ ձեռքի մրցաշարում՝ արծաթե մեդալ: Այսպիսով, մեր ուսանողն արժանացել է երկու մեդալի:

Նշենք, որ բազկամարտիկը ՌԴ քաղաքացի է, առաջնությունում  ներկայացրել է Ռուսաստանը: Վահանը ծնվել է Ջավախքում:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայանության հետ կապերի բաժինը զրուցել է աշխարհի չեմպիոնի հետ, տեղեկացել նրա նախասիրությունների, մարզական նվաճումների և այլնի մասին: Ինչպես նշում է Վահանը՝ բազկամարտով սկսել է զբաղվել 14 տարեկանից:

«Այս սպորտաձևը սիրեցի պատանեկան տարիներից և սկսեցի պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել: Անկեղծ ասած, բազկամարտի հանդեպ հետաքրքրությունն իմ մեջ սերմանել է եղբայրս: Անհատական պարապմունքներն ու հետևողական աշխատանքը տվեցին իրենց արդյունքները. այս ոլորտում ունեցա մի շարք նվաճումներ, աշխարհի չեմպիոնի կոչումը ամենացանկալին էր»,-նշեց մեր ուսանողը, հավելելով, որ թեպետ ներկայացրել է Ռուսաստանը, սակայն հաղթանակից հետո հպարտորեն բարձրացրել է Հայաստանի դրոշը՝ ի նշան ուրախության:

Տնտեսագիտական համալսարանի, ֆինանսական ֆակուլտետի ընտրության  հարցում Վահանին նույնպես կողմնորոշել է եղբայրը, ով մեր բուհի շրջանավարտ է:

«Մինչև ուսանող դառնալը ես հաճախ եմ այցելել  Տնտեսագիտական համալսարան, ծանոթացել ֆակուլտետներին: Սիրում եմ տնտեսագետի մասնագիտությունը, ֆինանսաբանկային ոլորտի աշխատանքը: Ի դեպ, բանկում 2 ամիս փորձաշրջան եմ անցել: Նպատակ ունեմ աշխատել մասնագիտությամբ: Ուզում եմ լավ սովորել, լավ մասնագետ դառնալ: Բազկամարտը չեմ դիտարկում որպես հետագա մասնագիտական հարթակ, այն պարզապես սիրելի մարզաձև է, որում նպատակ ունեմ ավելի ու ավելի հմտանալու, նվաճումներ արձանագրելու»,-ասաց չեմպիոնը:

Այն հարցին, թե որտեղ է պատկերացնում իր ապագան, Վահանը պատասխանեց՝ միանշանակ, Հայաստանում: Մեր ուսանողն ուզում է ապրել և աշխատել հայրենիքում:

18 տարին դեռ չբոլորած Վահան Տեր-Բալյանը  հասցրել է նվաճել բազկամարտի Եվրոպայի փոխչեմպիոնի, Ռուսաստանի կրկնակի չեմպիոնի, Հայաստանի փոքրահասակների, մեծահասակների բազկամարտի կրկնակի փոխչեմպիոնի, շուրջ 20 բազկամարտի  մարզային առաջնությունների չեմպիոնի կոչումները, ընդհանուր թվով, նվաճել է 34 մեդալ, արժանացել է սպորտի վարպետի կոչման:

Շնորհավորում ենք մեր ուսանողին, մաղթում անսպառ հաղթանակներ ու նվաճումներ:

Առաջին երկու լուսանկարը տրամադրել է Վահան Տեր-Բալյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին