Մեր վոլեյբոլիստները՝ «Լավագույն խաղացող» և «Արդարացի խաղ» անվանակարգերի մրցանակակիր

Դիտումների քանակ՝ 1096

ՀՀ բուհերի 16-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի շրջանակներում հոկտեմբերի 20-28-ը ՀՊՏՀ մարզադահլիճում  անցկացված վոլեյբոլի տղաների առաջնությունում մեր բուհը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Առաջնությանը մասնակցել է համալսարանական 10 թիմ, չեմպիոնի կոչմանն արժանացել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի թիմը: Երեկ հանդիսավոր կերպով տեղի է ունեցել հաղթողների պարգևատրումը, մրցանակներ է հանձնել նաև մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:

Տնտեսագիտական համալսարանի ուսանող-վոլեյբոլիստներն աչքի են ընկել  գեղեցիկ խաղերով և արժանացել անվանական մրցանակների. առաջնության «Լավագույն խաղացող» անվանակարգին է արժանացել ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության  մագիստրանտ (1-ին կուրս) Արամ Մելքոնյանը, իսկ «Արդարացի խաղ»  անվանակարգին՝   հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի  1-ին կուրսի  ուսանող Լևոն Հարությունյանը: Նրանք ստացել են պատվոգիր և խորհրդանշական հուշանվեր:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց վոլեյբոլի տղաների թիմի մարզիչ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դեցենտ Գագիկ Վարդանյանի հետ, ով գոհունակություն հայտնեց մեր  վոլեյբոլիստների խաղից:

«Առաջնության խաղային որակը շատ բարձր էր, ուրախությամբ նկատում ենք, որ տարեցտարի ուսանողները հմտանում են վոլեյբոլում: Կարելի է ասել, որ առաջինից  հինգերորդ տեղերը զբաղեցրած թիմերը գրեթե հավասար պայքար էին մղում: Մրցանակային տեղերը բաշխվել են փոքր միավորների տարբերությամբ: Բացի մեր երկու անվանական մրցանակակիրներից, ցանկանում եմ գոհունակություն հայտնել նաև թիմի մյուս անդամների՝ Տիգրան Այվազյանի (ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրս /հեռակա/),Կարեն Գրիգորյանի (հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրս), Արշակ Հարությունյանի (տնտեսագիտության տեսություն մասնագիտության 2-րդ կուրս) և Մհեր Մելքոնյանի (ֆինանսներ մասնագիտության 1-ին կուրս)  խաղերից:

Մարզասերների ուշադրությանն ու հիացմունքին արժանացավ Կարեն Գրիգորյանը, ով նաև ոտքով էր խաղում, հետաքրքիր հնարքներ կիրառում (նա նաև ֆուտբոլիստ է)»,-ասաց մարզիչը և հավելեց, որ հատուկ շնորհակալություն է հայտնում բանկային գործ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներին՝ խաղերին հետևելու և մեր թիմին քաջալերելու համար:

Գագիկ Վարդանյանի խոսքով՝ մեր ուսանողների համար վոլեյբոլը ամենասիրված մարզաձևերից է, և նրանք հաճույքով են հաճախում և' դասերին, և' վոլեյբոլի լրացուցիչ պարապմունքներին:Մարզիչը նշեց նաև, որ առաջիկայում ՀՊՏՀ-ում կկազմակերպվեն տարբեր մարզաձևերի, այդ թվում՝ վոլեյբոլի  միջֆակուլտետային առաջնություններ, որոնց  նկատմամբ հետաքրքրություն արդեն իսկ կա:

Շնորհավորում ենք մեր տղաներին՝ մրցանակների առիթով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին