ՀՊՏՀ պատվիրակը՝ «Առաջին բաց ռուսաստանյան վիճակագրական կոնգրեսում»

Դիտումների քանակ՝ 1163

Վիճակագրության համաշխարհային օրվա առիթով հոկտեմբերի 20-22-ը ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում անց է կացվել «Առաջին բաց ռուսաստանյան վիճակագրական կոնգրեսը», որին մասնակցության հրավեր է ստացել նաև մեր բուհը: Կոնգրեսում ՀՊՏՀ-ն ներկայացրել է բուհի վիճակագրության ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Հակոբյանը: Մեր պատվիրակը հանդես է եկել 2 զեկուցմամբ՝ «Ժամանակակից  փուլում Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության առաջնային մեթոդաբանական և կազմակերպչական խնդիրները» և «Միասնական եվրոպական բարձրագույն կրթության տարածքում կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը»: Առաջին զեկուցման մեջ հեղինակն անդրադարձել է պաշտոնական վիճակագրության միջնաժամկետում կարևոր միջոցառումների  կատարման

ժամանակացույցին՝ տալով դրանց արդիականացման, ինչպես նաև մեթոդական լուծման ուղիները, իսկ երկրորդում  դոցենտն արծարծել է Հայաստանում և ՀՀ բուհերում որակի ապահովման համակարգի ներդրման հետ կապված հարցերը, մասնավորապես, ներկայացրել է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման փուլերը, դրանց գործիքակազմը, մեխանիզմները, ընթացակարգերը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում  Կարեն Հակոբյանն ասաց, որ  այս տարի Վիճակագրության տոնը նշվել է «Տվյալների որակի բարձրացում և կյանքի որակի բարձրացում» կարգախոսով: Դոցենտը շեշտեց, որ կոնգրեսում քննարկվել են նաև բուհերում վիճակագրության դասավանդման և առարկայական ծրագրերի, հասարակության վիճակագրական գրագիտության բարձրացման  հետ կապված հարցեր:

«Այս կոնգրեսը կարևոր էր նախ իր ձևաչափով, մասշտաբով (առաջին նմանատիպ միջոցառումը տեղի է ունեցել 1892 թվականին): Մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների պատվիրակներ, ոլորտի մասնագետներ: Հնչեցին բավականին հետաքրքիր և օգտակար զեկուցումներ, եղան մի շարք համագործակցության առաջարկներ՝ տարբեր ուղղություններով, ինչպես օրինակ, համատեղ գիտական հոդվածներ պատրաստելու, ուսանողների և դասախոսների համար գիտաժողովներ, քննարկումներ կազմակերպելու, Վիճակագրական կրթության միջազգային ասոցիացիային, Միջազգային վիճակագրության ինստիտուտին  անդամագրում  և այլն»,- նշեց Կարեն Հակոբյանը՝ ընդգծելով նաև փորձի փոխանակման, համատեղ քննարկումների կարևորությունը: Նրա  խոսքով՝ ներկաները տպավորվել են իր զեկուցումներից և գոհունակություն հայտնել:

ՀՊՏՀ դոցենտը ստացել է մասնակցության սերտիֆիկատ, խորհրդանշական հուշանվեր: Իսկ նրա զեկուցումները կտպագրվեն կոնգրեսի նյութերի ժողովածուում:

Վերոնշյալ կոնգրեսի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.rusasstat.ru կայքում:

Հավելենք նաև, որ Հայաստանից  կոնգրեսին մասնակցել են 2 պատվիրակ՝ ՀՊՏՀ և  Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչներ:

Շնորհավորում ենք Կարեն Հակոբյանին՝կոնգրեսին  հաջող մասնակցության համար:

Լուսանկարները տրամադրել է Կարեն Հակոբյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին