Սփյուռքը՝ տնտեսության զարգացման գործոն. կայացավ «Ամբերդի» 3-րդ սեմինարը

Դիտումների քանակ՝ 2626

ՀՊՏՀ հետազոտական կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում» հետազոտական ծրագրի երկրորդ սեմինարը, որին ներկա էին «Ամբերդի» տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի և բուհի աշխատակիցներ: Նշված հետազոտական խմբի ղեկավարն է Սամվել Ավետիսյանը:

Զեկուցմամբ հանդես եկավ կենտրոնի գլխավոր մասնագետ Սուրեն Բաբաջանյանը՝ ներկայացնելով Հայաստանում ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտներում սփյուռքահայերի ներդրումային ծրագրերը: Բանախոսը նշեց, որ հետազոտության արդյունքում ակնկալվում է բացահայտել վերջին տասնամյակում Հայաստանում սփյուռքահայերի կատարած ներդրումները և դրանց ազդեցությունը մեր  տնտեսության զարգացման վրա:

Խոսվեց Հայ ոսկերիչների միության ԱՏԳ (Ազատ տնտեսական գոտի) հիմնադրման համար նախատեսվող ներդրումների, ԱՏԳ ստեղծումից հետո տնտեսության զարգացման հնարավորությունների, Ոսկու միջազգային գների դինամիկայի (2000-2015թթ.), ԱՏԳ արժեքային առաջարկի բաղադրիչների, Հայաստանում ստեղծվելիք ԱՏԳ և ոսկերչական  հատուկ գոտիների համեմատության, ԱՏԳ հիմնական ռիսկերի, ռիսկերի մեղմման ուղիների մասին: Ոսկերչությունը դիտարկվեց որպես տնտեսության յուրահատուկ ճյուղ, որը պահանջում է մանրակրկիտ, ջանադիր աշխատանք: Այս առումով ընդգծվեց հայ ժողովրդի առանձնահատուկ տեղը ոսկերչության մեջ:

Ընդհանրացնելով՝ Սուրեն Բաբաջանյանը նշեց. «Հայաստան երկրի տնտեսական աճի գլխավոր գործոնը ո՛չ ադամանդագործությունն է, ո՛չ կոնյակն է, ո՛չ էլ օտարերկրյա ներդրումներն են, այ հենց մենք՝ հայերս: Սրա գիտակցությունն է, որ բարոյական բոլոր հետևանքներով պակասում է մեզ բոլորիս՝ հարուստից մինչև ընչազուրկ»:

Զեկուցման ավարտից հետո բանախոսը պատասխանեց ունկնդիրների հարցերին: Ներկաներից շատերը նշեցին, որ հետաքրքիր էր թե' սեմինարի թեման, թե' ներկայացման ձևը:

Սամվել Ավետիսյանը, եզրափակելով սեմինարը, գոհունակություն հայտնեց խմբի աշխատանքից և նշեց, որ իրավամբ, Հայաստանի համար ամենահեռանկարային ճյուղերից է ոսկերչությունը:

Խմբի անդամները նշեցին, որ ավարտուն հետազոտությունը նախատեսվում է ներկայացնել տարեվերջին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին