Բոլոր ֆակուլտետների մասնակցությամբ մշակութային ցուցադրությունը համախմբել էր տաղանդավոր ուսանողներին

Դիտումների քանակ՝ 1075

ՀՊՏՀ բակում այսօր դասերի ավարտից հետո մշակութային մթնոլորտ էր: Բուհի բոլոր ֆակուլտետների ուսանողներին մեկտեղել էր ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախաձեռնած ցուցադրությունը. յուրաքանչյուր ֆակուլտետ իր տաղավարում ներկայացնում էր պատվոգրեր, գավաթներ, մրցանակներ, ինչպես նաև տաղանդաշատ ուսանողների ձեռքի աշխատանքները, նրանց հեղինակած կտավները և այլն: Շնորհաշատ ուսանող-ուսանողուհիների կատարմամբ հնչում էր նաև կենդանի երաժշտություն՝ դհոլի, քանոնի, սաքսոֆոնի, կիթառի, ջութակի նվագակցությամբ: Ֆակուլտետների տաղավարներով շրջեցին ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, դասախոսներ, ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Սարգսյանը նշեց, որ ցուցադրության նպատակներից  մեկը ֆակուլտետի շնորհալի ուսանողների աշխատանքները ներկայացնելն է:

«Ֆինանսական ֆակուլտետում  շատ են ուսանողներն, ովքեր ստեղծագործում են՝ նկարում, ձեռքի յուրատեսակ աշխատանքներ հեղինակում, նվագում և այլն: Այսօր նրանք հնարավորություն ունեն իրենց տաղանդը ցուցադրելու»,-ասաց ֆակուլտետի  ՈւԽ նախագահը:

Ուսանողների կազմակերպած ցուցադրությունը շարունակվեց մեկ ժամից ավելի  և գրավեց  բազմաթիվ ուսանողների, դասախոսների և աշխատակիցների  ուշադրությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին