«Հայբիզնեսբանկում» մեկնարկեցին ՀՊՏՀ ուսանողների վարպետության դասերը
Տնտեսագիտական համալսարանի բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսի 57 ուսանող «Հայբիզնեսբանկում» կմասնակցի վարպետության դասերի: Այսօր բանկի դահլիճում հանդիսավոր կերպով տրվեց դասընթացների մեկնարկը: Հանդիպմանը ներկա էր ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը:
Ներկաներին ողջունեց «Հայբիզնեսբանկի» աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին և ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանին՝ կարևոր և օգտակար նախաձեռնության համար:
««Հայբիզնեսբանկը» սիրով ընդառաջեց այս նախաձեռնությանը և ստեղծեց մի ծրագիր, որը հատուկ ուսանողների համար է: Վարպետության դասերի ընթացքում մեր լավագույն մասնագետները իրենց փորձը և գիտելիքները կփոխանցեն ձեզ»,-ասաց Մարի Ստեփանյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Աննա Ասլանյանը՝ նշելով, որ առաջին անգամ ՀՊՏՀ ուսանողների համար «Հայբիզնեսբանկում» կազմակերպվում են վարպետության դասեր:
«Դասընթացների ընթացքում դուք ձեռք կբերեք գործնական գիտելիքներ, ինչպես նաև կծանոթանաք գործատուի պահանջներին, քանի որ հետագայում համալրելու եք բանկային համակարգի աշխատակիցների շարքերը»,-ընդգծեց բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավարը և հույս հայտնեց, որ ուսանողները վարպետության դասերից կքաղեն առավելագույնը:
Ցուցադրվեց «Հայբիզնեսբանկի» մասին ֆիլմ, որն ամփոփ ներկայացնում էր բանկի գործունեությունը, առաքելությունը:
Առաջին դասի թեման բանկի կորպորատիվ տարրերի վերաբերյալ էր: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ունկնդրում էին բանախոսին:
Նշենք, որ վերոնշյալ դասընթացները կտևեն մինչև այս կիսամյակի ավարտը, ուսանողներին կտրվեն մասնակցության հավաստագրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին