Տնտեսագիտության ոլորտի 2015 թ. Նոբելյան մրցանակակիրն է Էնգուս Դիտոնը. այսօր նա դարձավ 70 տարեկան

Դիտումների քանակ՝ 1166

Տնտեսագիտության ոլորտում 2015թ.  Նոբելյան մրցանակի  է արժանացել  ԱՄՆ Փրինստոնի համալսարանի տնտեսագետ Էնգուս Դիտոնը՝ սպառողականության, աղքատության և բարեկեցության վերլուծության համար: Գիտնականը զբաղվում է միկրոէկոնոմիկայի հիմնախնդիրներով, իր աշխատություններում միկրոմակարդակում վերլուծում է սպառողների վարքագծի մոդելները, բնակչության աղքատության և բարեկեցության հիմնահարցերը, այն ամենը, ինչը կարևոր է տնտեսական քաղաքականության ձևավորման համար, որը կարող է նպաստել բարեկեցությանը և նվազեցնել աղքատությունը: Մինչև Փրինստոնում աշխատելը Դիտոնը պաշտոնավարել է Բրիստոլի և Քեմբրիջի համալսարաններում, նաև Բրիտանական ակադեմիայի, Էկոնոմետրիկական ընկերակցության  և Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ է :

«Նրա ուսումնասիրությունները բացահայտել են կարևոր «ստորջրյա քարեր»՝ աղքատության ծավալները համեմատելու ընթացքում: Նա նաև ցուցադրել է, թե ինչպես տնային տնտեսությունների սպառման վերաբերյալ տվյալների խելացի կիրառումը կարող է լույս սփռել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են փոխադարձ կապը եկամուտների ու կալորիաների օգտագործման միջև, ինչպես նաև ընտանիքում գենդերային խտրականության մակարդակը», - նշվել է Նոբելյան հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ:

Մրցանակի գումարը, ինչպես և մյուս Նոբելյան մրցանակների դեպքում, 8 միլիոն շվեդական կրոն է (953 հազար դոլար)։
Նշենք, որ տնտեսագիտության ոլորտում մրցանակը հիմնվել է 1968 թվականին՝ Շվեդական պետական բանկի կողմից՝ Ալֆրեդ Նոբելի հիշատակին:

Այսօր լրանում է նոր Նոբելյան մրցանակակրի 70 տարին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին