Համալսարանական շարունակական կրթության հիմնահարցեր. հայացք գիտաժողովին
ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի առաջատար մասնագետներ Աիդա Առուստամյանը և Սեդա Մանուկյանը հոկտեմբերի 16-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում մասնակցել են Տեմպուսի «Համալսարանների՝ որպես ցկյանս ուսումնառության հաստատությունների դերի ամրապնդում» (SSRULLI) ծրագրի «Համալսարանական շարունակական կրթություն. հնարավորություններ և գործիքներ» խորագրով գիտաժողովին:
Ողջույնի և ներածական խոսքով հանդես են եկել ԵՊԼՀ ուսանողների, երիտասարդության և հանրային հարցերով պրոռեկտռոր Ցոլակ Ակոպյանը և «Էրասմուս +» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Զեկուցումներ են ներկայացրել Հելմուտ Ֆոգտը (Համբուրգի համալսարան), Անդրեա Վաքսենեգգերը (Գրացի համալսարան), Կադրի Կիիգեման (Տալլինի համալսարան), Քեթի Ցինցաձեն (Թբիլիսիի պետական համալսարան), Սամվել Կարաբեկյանը, Ռոբերտ Խաչատրյանը (ԵՊԼՀ), Անուշ Գևորգյանը, Արփինե Պետրոսյանը (Վանաձորի պետական համալսարան):
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Աիդա Առուստամյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն էր՝ քննարկել համալսարաններում իրականացվող լրացուցիչ և շարունակական կրթական ծրագրերի հայեցակարգային մոտեցումները, բացահայտել խնդիրներն ու մարտահրավերները, իրազեկել ձեռքբերումներին: Նրա հավաստմամբ՝ գիտաժողովը հագեցած է եղել հետաքրքրական զեկուցումներով, որոնցում ներկայացվել են համալսարանական շարունակական կրթության եվրոպական և հայրենական փորձը, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
«Հիմնական կրթությունից զատ այսօր մեծապես կարևորվում է շարունակական և լրացուցիչ կրթությունը՝ զարգացնելու համար անհատների մասնագիտական գիտելիքները, միջանձնային ունակությունները, միջմշակութային հաղորդակցության հմտությունները, անհատական մոտիվացիան: Այն պետք է խարսխված լինի հիմնական կրթության վրա, լրացվի թրեյնինգներով, մասնագիտական դասընթացներով: Շարունակական կրթության դաշտը, ինչպես նշեցին զեկուցողները, կայացնելու համար պետք է հետևողանորեն զարգացնել համալսարանական շարունակական կրթությունը, քանի որ այն առավել նպաստավոր է և՛ միջավայրի առումով, և՛ մասնագետների»,-ասաց Աիդա Առուստամյանը՝ ավելացնելով, որ գիտաժողովը փորձի փոխանակման ու ընդլայնման հրաշալի հնարավորություն էր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին