Բրիտանացի պրոֆեսորը՝ ներդրումային բանկերում ծառայողական վերելքի կառավարման առանձնահատկությունների շուրջ

Դիտումների քանակ՝ 1439

ՀՊՏՀ ուսանողներն այս ուստարում գիտելիքներ են ամբարում նաև արտալսարանային դասախոսությունների միջոցով՝ բարելավելով և' մասնագիտական, և' անգլերենի իմացությունները: Միաժամանակ, նրանք ծանոթանում են միջազգային կրթական փորձին, տնտեսագիտական մի շարք թեմաներ բացահայտում նորովի: Այս հնարավորությունն ընձեռում է Հայաստանի պետական տնտեսագիտական և շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանների միջև 2017թ. ապրիլի 12-ին կնքված կրկնակի աստիճանաշնորհման կրթական ծրագրի իրականացման համաձայնագիրը, որի շրջանակում,  դասախոսություններով հանդես են գալիս ՈւՄԵՖ-ի ներկայացուցիչները:

Հերթական հանդիպումն այսօր էր, հյուրը պրոֆեսոր Բրյուս Հերնն էր, իսկ ներկայացվող թեման նախօրոք ընտրել էին ուսանողները՝«Ծառայողական վերելքի կառավարման գործընթացը ներդրումային բանկերում»:

Մասնակցում էին գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մերի Բադալյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը, նշված և  կառավարչական հաշվառման ամբիոնների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բրյուս Հերնը նախ ներկայացրեց իր աշխատանքային փորձը՝ երկարամյա գործունեություն բանկային, գիտամանկավարժական ոլորտներում: Իսկ թեմայի շրջանակում պրոֆեսորը բացատրեց ներդրումային բանկի էությունը և ֆինանսական կազմակերպություններում կարիերայի կառավարման գործընթացի առանձնահատկությունները: Թեման ուշագրավ էր հատկապես ֆինանսական ոլորտում աշխատել ցանկացող ուսանողների համար, որոնց օգտակար խորհուրդներ տրվեց: Հարցուպատասխանի միջոցով ՀՊՏՀ-ականներն ամփոփեցին քննարկված հարցերը:

Դասախոսության էլեկտրոնային ներկայացումը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին