ՀՊՏՀ ուսանողը՝ օրինակելի զինվոր. շնորհակալական նամակ
Հայրենիքի պաշտպանության գործին զինվորագրված ՀՊՏՀ ուսանողները ծառայության առաջին իսկ ամիսներին կարողանում են համալրել լավագույնների շարքերը, օրինակ հանդիսանալ ծառայակիցների համար: Այս մասին փաստում են ՀՊՏՀ ռեկտորին և զինվորների ծնողներին հասցեագրված շնորհակալական նամակները, որոնցում զորամասերի հրամանատարներն իրենց երախտագիտությունն են հայտնում՝ հայրենասեր ու բարեխիղճ զինվոր դաստիարակելու համար:
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Միքայել Թավադյանի հայրենանվեր ծառայության համար՝ N զորամասի հրամանատարական կազմն օրերս շնորհակալագիր է հղել զինվորի ընտանիքին:
«Նա բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության գործում օրինակ է հանդիսանում ծառայակից ընկերների համար: Միայն հայրենիքի այդպիսի զինվորներով մեր ազգը կկարողանա դիմակայել թշնամուն…»,-նշված է նամակում:
ՀՊՏՀ-ն հպարտանում է իր սաներով և հայրենիքի սահմանն անխախտ պահող զինվորներին մաղթում խաղաղ ծառայություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին