ՀՊՏՀ-ում էր Հրայր Թովմասյանը. քննարկվեցին սահմանադրական բարեփոխումների հիմնադրույթները
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ով նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ է, այսօր ՀՊՏՀ միջազգային համագործակցության կենտրոնում հանդիպում ունեցավ ուսանողների հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, ուսանողական խորհրդի անդամներ, ուսանողներ:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ ուսանողների հարցադրումներին Հրայր Թովմասյանը պատասխանեց համակողմանիորեն: Նա իր ընդարձակ պատասխաններում ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և գործող համակարգի խնդիրները, անդրադարձավ կառավարման ձևի փոփոխությանը, խոսեց պառլամենտական կառավարման մոդելին անցնելու մասին, պառլամենտական և նախագահական համակարգերի համեմատության մեջ ներկայացրեց առաջինի առավելությունները մեր երկրի համար: Բանախոսին հարց հղեց նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
Ուսանողների հարցերը մասնավորապես նոր սահմանադրության նախագծի տնտեսական բովանդակության, արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ էին:
Հրայր Թովմասյանը մեր բուհում հյուրընկալվել էր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի հրավերով: Միջոցառումից հետո լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ այս ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից ուսանողական խորհրդում գործում է հանձնաժողով, որի անդամները հետաքրքրված են և հաճախակի քննարկումներ են կազմակերպում սահմանադրական բարեփոխումների շուրջ: «Այս ընթացքում կուտակված հարցերը նրանք այսօր ուղղեցին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանին և ստացան լիարժեք պարզաբանումներ», - ասաց ուսխորհրդի նախագահը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին