«Էրասմուս +» ծրագրի դիմորդները հանձնեցին անգլերենի 1-ին քննությունը
ՀՊՏՀ-ում այսօր անցկացվեց «Էրասմուս +» ծրագրի դիմորդների անգլերենի ստուգման առաջին քննությունը, որին մասնակցեցին միայն այն ուսանողները, ովքեր դիմում են Ռումինիայի Alexandru Ioan Cuza համալսարանում և Վարշավայի տնտեսագիտական դպրոցում ուսանելու համար: Քննությունն անցկացնում էր ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը կարևորեց մեր ուսանողների մասնակցությունը «Էրասմուս +» ծրագրին:
«Այս ծրագիրը կարևոր նշանակություն ունի ուսանողների և համալսարանի աշխատողների փոխանակության առումով: Արտասահմանյան առաջավոր համալսարանների հետ ուսանողների փոխանակությունը հնարավորություններ է ստեղծում, որ ուսանողները միջմշակութային շփումների ընթացքում ձեռք բերեն նոր կարողություններ, գիտելիքներ, ինչպես նաև լավ ըմբռնեն համաշխարհային զարգացման միտումները: Այս տեսակետից հյուրընկալող համալսարանները հնարավորություններ են ընձեռում, որպեսզի մեր ուսանողները անգլերեն լեզվով սովորեն այն առարկաները, որոնք ներառված են ուսումնական պլանում, ստանան համապատասխան կրեդիտներ, որոնք փոխանցվում են և վերադառնալով մայր համալսարան՝ ստացած գիտելիքները, փորձը նաև փոխանցեն իրենց համակուրսեցիներին: Նույն գործընթացները օգտակար են նաև աշխատակիցների համար, որոնք փոխանակության ծրագրի շրջանակներում կարող են ընդօրինակել եվրոպական համալսարանների առաջավոր փորձը՝ համալսարանների կառավարման, ուսումնական գործընթացի կազմակերպման, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ դասավանդման, հետազոտական»,-ասաց Գագիկ Վարդանյանը և հավելեց, որ ծրագիրը կարևոր նպաստ է բերում նաև մեր համալսարանի միջազգայնացման բարձրացմանը: Պրոռեկտորն ընդգծեց, որ միջազգային ծրագրերին ՀՊՏՀ մասնակցությունը նպաստում է, որպեսզի բուհի գիտակրթական գործընթացները բարձրացվեն միջազգային մակարդակի:
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց, որ անգլերենի իմացությունը «Էրասմուս+» ծրագրին մասնակցելու համար կարևոր նախապայման է, և քննությունը հաղթահարած ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու հարցազրույցի: Արտաքին կապերի բաժնի պետի խոսքով՝ այսօրվա քննությանը մասնակցում էր մեր բուհի տարբեր ֆակուլտետների 13 ուսանող:
Նշենք, որ առաջիկայում վերոնշյալ ծրագրի դիմորդների այլ խմբերի համար ևս կկազմակերպվեն անգլերենի ստուգման քննություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին