Էրեբունի-Երևանի 2797-ամյակին նվիրված միջոցառում ՀՊՏՀ-ում
Տնտեսագիտական համալսարանի բակում այսօր դասամիջոցին կազմակերպվել էր յուրօրինակ միջոցառում՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2797-ամյակին (տոնը նշվում է հոկտեմբերի 11-ին): Նախաձեռնությունը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհրդինն էր: Նշված ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, ազգային տարազներով հյուրասիրում էին ՀՊՏՀ-ականներին, հնչում էր կենդանի երաժշտություն: Հյուրասիրությունն անտարբեր չէր թողել թե' ուսանողներին, թե' դասախոսներին. ուսանողների նախաձեռնությունը ողջունելու էին եկել ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը և փոխդեկան Սոնա Ղազարյանը, ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը, դասախոսներ, աշխատակիցներ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վիգեն Հարությունյանը նշեց, որ իրենց ֆակուլտետն արդեն 3-րդ տարին է՝ Էրեբունի-Երևանի տոնը բուհի բակում նշում է ուսանողների պատրաստած հայկական ուտեստների, անուշեղենի հյուրասիրությամբ:
«Այս գեղեցիկ միջոցառումը նպատակ ուներ տոնական շունչ հաղորդելու համալսարանականներին, ևս մեկ անգամ նշելու մեր սիրելի մայրաքաղաքի տոնը»,-ասաց Վիգեն Հարությունյանը:
Հյուրասիրությունն ու խանդավառ տրամադրությունը բակում շարունակվեց մինչև դասամիջոցի ավարտը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին