Ռեկտորատի նիստում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց պրոֆեսոր Լյովա Սամվելյանին
ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստն այսօր սկսվեց շնորհավորանքի և մեծարանքի խոսքերով. օգոստոսի 10-ին լրացել է մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Լյովա Սամվելյանի 75-ամյակը, ինչի առթիվ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը այսօր շնորհավորեց նրան:
«Բոլորիս անունից սրտանց շնորհավորում եմ պարոն Սամվելյանին: Բոլորս ենք գիտակցում, հասկանում պարոն Սամվելյանի վաստակը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի զարգացման գործում: Ուզում եմ նաև ուրախությամբ ձեզ ներկայացնել, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան պարոն Սամվելյանին պարգևատրել է պատվավոր դիպլոմով և ոսկե մեդալով՝ ըմբշամարտն աշխարհում տարածելու, արմատավորելու համար: Ֆեդերացիան խորին երախտագիտություն է հայտնել Լյովա Սամվելյանի գերազանց աշխատանքի, ներդրման, մարզիկների շրջանում ընկերասիրության, համերաշխության, բարեկամության ոգին բարձրացնելու և արմատավորելու համար: Մենք նույնպես շնորհավորում ենք Լյովա Սամվելյանին»,-իր ելույթում նշեց Կորյուն Աթոյանը:
Ռեկտորատի նիստի մասնակիցները շնորհավորեցին, առողջություն և հաջողություն մաղթեցին իրենց գործընկերոջը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին