Եղեգնաձորի մասնաճյուղում ամփոփվել է «Ուսանողական աշուն-2015»-ը

Դիտումների քանակ՝ 1057

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում    հոկտեմբերի 9-ին հանդիսավոր կերպով ամփոփվել է «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնը. այս մասին տեղեկացրեցին բուհի եղեգնաձորյան մասնաճյուղից:

Բակալավրիատի տարբեր կուրսերի ուսանողները հանդես են եկել  երաժշտական և հումորային համարներով: Միջոցառման մասնակիցներին ողջունել է  Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը և շնորհակալություն հայտնել ուսանողական խորհրդին՝ փառատոնի կազմակերպման համար: Տնօրենը նշել է, որ բուհը միշտ պատրաստ է ուսանողներին աջակցել, ապա կարևորել նմանաբնույթ միջոցառումների կազմակերպումը՝ համալսարանական առօրյան հետաքրքիր դարձնելու տեսանկյունից:

Ուսանողական խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը իր ելույթում ընդգծել է, որ ժամանցային և կրթադաստիարակչական միջոցառումների կազմակերպումը շարունակական է լինելու:

Փառատոնի «Լավագույն երգ» անվանակարգում հաղթող են  ճանաչվել կառավարում մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողուհիներ Աշխեն Կարապետյանը և Աշխեն Գրիգորյանը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է  ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Մարկոսյանը, իսկ երրորդ հորիզոնականը՝ նույն մասնագիտության  2-րդ կուրսի ուսանողուհի Նանե Պողոսյանը:«Լավագույն համար» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է հաշվապահական հաշվառման  2-րդ կուրսը, երկրորդը՝ ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսը, երրորդը՝ նույն մասնագիտության 1-ին կուրսը:

Երկու շաբաթների ընթացքում անցկացված մրցույթների արդյունքում կուրսերը կուտակել էին միավորներ, որոնց արդյունքում որոշվել են փառատոնի հաղթողները: Այսպիսով, «Ուսանողական աշուն-2015» մարզամշակութային փառատոնի հաղթող է ճանաչվել ֆինանսներ մասնագիտության  4-րդ կուրսը: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են  համապատասխանաբար հաշվապահական հաշվառման 2-րդ և զբոսաշրջության կառավարում 4-րդ կուրսերը:

Շնորհավորում ենք փառատոնի հաղթողներին:

Լուսանկարները՝ մասնաճյուղի ուսանողական խորհրդից:

ՀՊՏՀ Լրատվության և  հասարակայնության հետ կապերի բաժին