Մեր գիտնականները՝ նոր ասելիքով. միջազգային գիտաժողովի արդյունքը

Դիտումների քանակ՝ 1215

«Ժամանակակից գիտություն. զարգացման միտումներ» խորագրով գիտական հոդվածների ժողովածուն (ռուսերեն և անգլերեն) գիտական հանրությանն է ներկայացրել 10-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովի նյութերը, որոնցում նոր ժամանակների գիտական շունչն է, ներկայացված են արդիական հարցադրումներ: 11 բաժանմունք ներկայացնող ժողովածուի 6-րդ՝ «Տնտեսագիտություն և կառավարում» բաժնի նյութերի հեղինակների մեծ մասը մեր համալսարանի գիտնական-մանկավարժներն են:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը, գիտաժողովին մասնակցության հրավեր ստացել են օգոստոս ամսին և, ինչն է հատկապես ուրախալի, բոլոր աշխատանքները գրախոսվել և հրատարակության են ներկայացվել առաջին իսկ փուլից հետո: «Առցանց կապի միջոցով իրականացվող այս գիտական համագործակցությունը, անշուշտ, շատ օգտակար և արդյունավետ է: Այն ԵՏՄ շրջանակներում գիտական կապերի ամրապնդման և փոխշփումների կարևոր քայլ է և, իհարկե, մեր համալսարանի որդեգրած միջազգայնացման ճանապարհին հերթական ձեռքբերում»,- ասաց Աշոտ Մաթևոսյանը՝ նշելով, որ բոլոր մասնակիցները և հոդվածագիրները արժանացել են մասնակցության հավաստագրի:

Եվ այսպես, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մաթևոսյանը  ժողովածուում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի ներուժի հիման վրա տնտեսական ակտիվության ցուցանիշի կանխատեսում և գնահատում» հոդվածով: Ժողովածուում տեղ են գտել նաև ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանի, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ տ.գ.թ., դոցենտ Լիաննա Գրիգորյանի, տ.գ.թ., ասիստենտ Մանե Մաթևոսյանի, տ.գ.թ., դոցենտ Սոնա Ղազարյանի, Տաթևիկ Ազատյանի (համահեղինակությամբ), տ.գ.թ. Նարինե Էլիզբարյանի և Նունե Էլիզբարյանի հոդվածները:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին, մաղթում գիտական մտքի նորանոր փայլատակումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին