Մեկնարկեց օտարերկրյա քաղաքացիների երկրորդ մագիստրոսական կրթական ծրագիրը

Դիտումների քանակ՝ 1528

Տնտեսագիտական համալսարանում իրականացվող օտարերկրյա քաղաքացիների երկրորդ մագիստրոսական կրթական ծրագիրը՝ գործարար կառավարում մասնագիտությամբ, մեկնարկեց այսօր:

ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ողջունեց քաղաքակրթության հնագույն օրրան հանդիսացող երկրի՝ Հնդկաստանի ուսանողների ներկայությունը հնամյա Հայաստանում, Տնտեսագիտական համալսարանում, շնորհավորեց նրանց ուսումնառության մեկնարկը և հույս հայտնեց, որ այստեղ ձեռք բերված գիտելիքները լավագույնս կներդնեն իրենց երկրում: Պրոռեկտորը նշեց, որ որքան էլ խոր ու համակողմանի լինեն մեր համալսարանում նրանց  ստացած գիտելիքները, միևնույն է, կրթությունը անընդհատական գործընթաց է, և միայն դրա շարունակականությունը կարող է ապահովել բարձրակարգ ու մրցունակ մասնագետի կայացումը:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանն իր հերթին շնորհավորեց ՀՊՏՀ օտարերկրացի մագիստրանտներին, հանձնեց ուսանողական փաստաթղթերի փաթեթը՝ ուսանողական տոմս, ստուգման գրքույկ, դասացուցակ, ապա անհրաժեշտ տեղեկատվություն հայտնեց ուսումնական գործընթացի, բուհի կառուցվածքի և այլ հարցերի վերաբերյալ:

Այնուհետև պրոռեկտորը մագիստրանտներին ներկայացրեց դասախոսին՝ բ.գ.թ., դոցենտ Լուսինե Հարությունյանին, ով դասավանդելու է «Տնտեսագիտության լեզու» առարկան:

Ինչպես տեղեկացանք Վարդ Ղուկասյանից, այս կիսամյակ մագիստրանտներն ուսումնասիրելու են 7 մոդուլ, և առաջինը լեզվի դասընթացն է՝ «Տնտեսագիտության լեզու» և « Գործարար անգլերեն»:

«Դասավանդելու են մեր համալսարանի լավագույն մասնագետները՝ դոկտոր, պրոֆեսորներ Վալերի Միրզոյանը, Վարդան Սագսյանը, դոցենտներ Ռուբեն Հայրապետյանը, Աննա Սարգսյանը, Աիդա Սարդարյանը, Լուսինե Հարությունյանը ասիսիտենտ Սարգիս Ասատրյանցը, դասախոս Արմինե Գրիգորյանը», - ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց Վարդ Ղուկասյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին