Գիտական և ուսումնական արդյունքներ՝ ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստում

Դիտումների քանակ՝ 1602

ՀՊՏՀ ռեկտորատի այսօրվա նիստը սկսվեց «Տնտեսության և հասարակության զարգացում. 21-րդ դարի մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի արդյունքների մասին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի զեկուցմամբ: Պրոռեկտորն իր գոհունակությունը հայտնեց գիտաժողովի կազմակերպական մասին՝ նշելով, որ այն բավական ներկայացուցչական էր,  ձևաչափը ոչ ավանդական էր, բովանդակային  և որակական առումով ավելի բարձր մակարդակի էր, քանի որ թե՛ լիագումար նիստերում, թե՛  բաժանմունքներում և թե՛ կլոր սեղանների շուրջ ներկայացվեցին արժեքավոր և ուշագրավ զեկուցումներ ու շնորհանդեսներ: Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի անմիջական կազմակերպիչներին, ծրագրային կոմիտեին, լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին՝ գործընթացը համապարփակ և օպերատիվորեն լուսաբանելու համար, ընդգծեց նաև ուսանողների մասնակցության կարևորությունը: Պրոռեկտորը հույս հայտնեց, որ համալսարանում գիտական գործունեության որակական փոփոխությունը կհանգեցնի նրան, որ համալսարանը կկարողանա հանդես գալ ավելի գործնական մշակումներով՝ դրանք ներկայացնելով ՀՀ Կառավարությանը:

Դեկանները զեկուցեցին մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողների՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վերահանձնումների արդյունքների մասին՝ մանրամասնելով գործընթացը:

Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ ուսանողների դիմումներին, բացակայություններին, ուսման վարձերի գանձման գործընթացին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին