ՀՊՏՀ ուսանողները մասնակցել են «Կանաչ ակադեմիայի» դասընթացներին
«Հայնրիխ Բյոլ» (HBS) հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի հայտարարած «Կանաչ Ակադեմիայի» ընդունելության մրցույթում հաղթած ՀՊՏՀ 5 ուսանողներ նոյեմբերի 25-29-ը Աղվերանում մասնակցել են համանուն դասընթացին: Հաղթողները որոշվել են մոտիվացիոն նամակի և հարցազրույցի հիման վրա:
Հնգօրյա միջոցառումը բաղկացած է եղել մի շարք դասախոսություններից և քննարկումներից։ Յուրաքանչյուր օրվա սկզբում հրավիրյալ դասախոսը օրվա թեմայով հանդես է եկել դասախոսությամբ, որից հետո ծավալվել է ինտերակտիվ քննարկում:
Դասախոսությունները վերաբերել են Հայաստանում էներգետիկ, բնօգտագործման այլընտրանքների որոնմանն ուղղված հարցերի, Արցախյան հակամարտության կարգավորմանը, գենդերային խտրականության վերացմանը, նեոլիբերալիզմին (նորազատականություն), Ազգ-բանակ հայեցակարգին:
«Կանաչ Ակադեմիայի» դասընթացին մասնակցած ՀՊՏՀ ուսանողներն են՝ բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Մարիետա Դանիելյանը, Նարինե Մինասյանը, Հասմիկ Հարությունյանը և հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Կարեն Մեհրաբյանն ու Վոլոդյա Ավետիսյանը: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ դասընթացը լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու լայն հարթակ էր՝ հագեցած ուսուցողական և ժամանցային միջոցառումներով:
Բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության ուսանողները հատկապես տպավորված են Հայաստանում Էկոգյուղերի ստեղծման հնարավորությունների քննարկումից:
ՀՊՏՀ ուսանողների և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի համագործակցությունը շարունակական է, որպես ապագա տնտեսագետներ, նրանք մասնակցելու են նաև առաջիկա միջոցառումներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին