Մեկնարկել է քաղծառայողների վերապատրաստման դասընթացների աշնանային փուլը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում սեպտեմբերի 15-ին մեկնարկել է ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացների աշնանային փուլը: Դասավանդում են համապատասխան ոլորտների փորձառու մասնագետներ, դասախոսներ՝ թե' մեր բուհից, թե' տարբեր գերատեսչություններից հրավիրված:
ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի առաջատար մասնագետ Աիդա Առուստամյանը նշում է, որ դասընթացների աշնանային փուլը կընթանա մինչև նոյեմբերի 15-ը:
«Այս ժամանակահատվածում մեր բուհում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողները: Ծրագիրը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաներին, կառավարչական հմտություններին, ՀՀ Սահմանադրությանն ու քաղծառայությանը վերաբերող օրենքներում փոփոխություններին և լրացումներին առնչվող հարցեր»,-ասաց Աիդա Առուստամյանը:
Շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի առաջատար մասնագետ Սեդա Մանուկյանից տեղեկացանք, որ առաջին խմբում դասընթացներին մասնակցում է նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող թվով 32 անձ: Առաջին խմբի դասընթացները կտևեն սեպտեմբերի 15-25-ը: Յուրաքանչյուր խմբի դասընթացի տևողությունը 10 օր է:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին