ՀՊՏՀ-ում էին Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները
Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին այսօր մեր համալսարանի միջազգային համագործակցության կենտրոնում ընդունեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը, նշված ամբոնների դասախոսներ:
Ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին՝ պրոռեկտոր Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանն աջակցելու և համալսարանների ներգրավվածությունն այդ գործում կարևորելու համար: Այնուհետև նա անդրադարձավ Տնտեսագիտական համալսարանի վերջին 4-5 տարիների ձեռքբերումներին՝ հատկանշելով միջազգային համագործության («Տեմպուս», «Էռազմուս պլյուս», «Ֆուլբրայթ») ծրագրերին մասնակցությունը, օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպումը, համալսարանի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը, գիտահետազոտական գործունեությունը:
Իրենց առաքելությունը ներկայացնելու համար Գագիկ Վարդանյանը խոսքը տրամադրեց հյուրերին:
Արժույթի միջազգային հիմնադրամի Ֆինանսական և տեխնիկական աջակցության խաղաղօվկիանոսյան կենտրոնի համակարգող Սքոթ Ռոջերը, դրամավարկային և կապիտալի շուկաների վարչության ռեսուրսների կառավարման բաժնի տեխնիկական աջակցության ավագ աշխատակից Ավա Այրթոնը և դրամավարկային և կապիտալի շուկաների վարչության խորհրդատու Մարկո Պինոնը ներկայացրեցին իրենց գործունեության հիմնական ուղղությունները:
Հանդիպման ընթացքում մասնավորապես խոսվեց գնաճի թիրախավորման և դրամավարկային քաղաքականության մասին: Քննարկվեցին դրանց ուղղությունները, առանձնահատկությունները, ազդեցությունները: Այս համատեքստում փորձագետները ներկայացրեցին Արժույթի միջազգային հիմնադրամի գործունեությունը: Գրագետ քաղաքականության տեսանկյունից կարևորվեց կենտրոնական բանկերի գործունեությունը: Դիտարկվեցին գնաճի պատճառները, խոսվեց գնաճի վրա փոխարժեքի կտրուկ տատանումների ազդեցության մասին և այլն (Հայաստանի և արտերկրի օրինակով): Փորձագետները անդրադարձան նաև միջազգային փորձին:
Հարցադրումներով և դիտարկումներով հանդես եկան պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ամբիոնի վարիչներ Աշոտ Սալնազարյանը, Աննա Ասլանյանը, դասախոսներ, ասպիրանտներ:
Հանդիպման ավարտին Գագիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ նշելով, որ ՀՊՏՀ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցությունը սերտ է. տարեկան մի քանի անգամ հիմնադրամի ներկայացուցիչները դասախոսությամբ հանդես են գալիս մեր բուհում: Պրոռեկտորը հույս հայտնեց, որ հիմնադրամի հետ մեր համալսարանը կարող է գտնել համագործակցության նոր եզրեր:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին