Հայաստանի գիտության պատվիրակը՝ Բոլոնիայում
Սեպտեմբերի 9-11-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում մեխանիկայի և մաթեմատիկայի գծով միջազգային գիտաժողովում, նվիրված թաղանթների և սալերի մաթեմատիկական առաձգականության տեսության հարցերին, մասնակցել է մեր համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը:
Այսօր լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում մենք զրույց ունեցանք Մհեր Աղալովյանի հետ և տեղեկացանք, որ կրթության ու գիտության եվրոպական օջախ Բոլոնիայում տեղի ունեցած գիտաժողովին նա հանդես է եկել երկու զեկուցմամբ. առաջինը՝ «Ընդհանուր անիզոտրոպիայով օժտված սալերի և թաղանթների դինամիկ խնդիրներ», երկրորդը՝ «Հեծանների, սալերի և թաղանթների ասիմպտոտիկ տեսության մասին» (համահեղինակությամբ): Ելույթից առաջ՝ ներածական խոսքում, Մհեր Աղալովյանը ներկայացրել է Հայաստանի մեխանիկամաթեմատիկական դպրոցը, ձեռքբերումները, եվրոպական առաջավոր դպրոցների հետ համագործակցության հեռանկարները:
«Ինձ համար Բոլոնիայի գիտաժողովին մասնակցությունը խորհրդանշական էր երկու առումով. նախ՝ Բոլոնիան եվրոպական կրթական բարեփոխումների, հարուստ ավանդույթներ ունեցող կենտրոն է, ապա նաև ինձ համար մեծ պատիվ էր ՀՀ անկախության տոնին ընդառաջ, այնտեղ ներկայացնել իմ երկիրը, նրա գիտության նվաճումները, առավել ևս, որ նախկին խորհրդային հանրապետություններից, Ռուսաստանից բացի, գիտաժողովին ներկա էր միայն Հայաստանը»,-նշեց Մհեր Աղալովյանը:
Հավելենք՝ մեր դասախոսը Բոլոնիայից վերադարձել է վառ տպավորություններով, մասնագիտական փոխշփումներով հարստացած և մասնակցության հավաստագրով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին