Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հանգստացել է 507 մարդ
Հուլիսի 5-ից օգոստոսի 25-ը Դիլիջանի Բլդան գետի ափին գտնվող ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում այս տարի իր ամառային հանգիստն է անցկացրել 507 մարդ (ՀՊՏՀ աշխատակիցներ, ուսանողներ):
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մարզաառողջարանի պետ, մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը նշեց, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս, «Տնտեսագետը» գործել է 4 հերթափոխով ՝ շուրջ 2 ամիս:
«Յուրաքանչյուր հերթափոխում հանգստացել է նաև 5-ական ուսանող Արցախի պետական համալսարանից, իսկ վերջին հերթափոխում մարզաառողջարանը հյուրընկալել է ՀՊՏՀ 100 ուսանողի, այդ թվում՝ 10-ը Եղեգնաձորի մասնաճյուղից»,-նշեց Հակոբ Կյոկչյանը:
Ավանդույթի համաձայն՝ դիլիջանյան հանգստի ընթացքում կազմակերպվել են արշավներ դեպի Մաթոսավանք և Ջուխտակ վանք, էքսկուրսիաներ դեպի Հաղարծին և Գոշավանք:
Ճամբարի պետի խոսքով՝ հանգստացողների առօրյան հագեցած է եղել նաև մարզական խաղերով՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, շախմատ և այլն:
Մարզաառողջարանի պետը և նրա տեղակալ, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Արման Գուլյանը կազմակերպել են ճամբարականների լիարժեք հանգիստը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին