Սեմինար-քննարկում՝ «GOVERN» ծրագրի շրջանակներում
Եվրոպական Միության Տեմպուսի «Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում՝ արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով («GOVERN»)» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 3-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ նվիրված համալսարանի մարդկային ռեսուրսների և ֆինանսական կառավարման ռազմավարական ասպեկտներին: Սեմինարը վարում էր ՀՊՏՀ-ում վերոնշյալ ծրագրի համակարգող տ.գ.թ., դոցենտ Ռուբեն Հայրապետյանը: Սեմինարի ընթացքում քննարկվել են համալսարանի ռազմավարության մշակման, ֆինանսական կառավարման և մարդկային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները, ինչպես նաև կատարելագործման ուղիները՝ եվրոպական համալսարանների առաջավոր փորձի հիման վրա: Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են նաև ՀՊՏՀ-ում Բոլոնիայի գործընթացի ուղղությունների իրագործման առկա վիճակը և ծրագրի շրջանակներում իրենց ակնկալիքները: Սեմինարի ավարտին ներկայացվել են նաև ծրագրի առաջիկա գործողությունները և դրանց հետ կապված ՀՊՏՀ պարտավորությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին