Մագիստրանտները բացահայտել են ՀՊՏՀ գրադարանից սպառողների բավարարվածության աստիճանը

Դիտումների քանակ՝ 2554

«Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական ծրագրի ուսանողների դասընթացներում շեշտադրված է հետազոտական բաղադրիչն ու թիմային աշխատանքը: Մի խումբ մագիստրանտներ «Նախագծերի որակի կառավարում» առարկայի շրջանակում (դասախոս՝ տ.գ.թ., որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Փախլյան) գնահատել են ՀՊՏՀ գրադարանից սպառողների բավարարվածությունը: Հետազոտության արդյունքներն ուսանողները վերլուծեցին այսօր:

Նկատի առնելով, որ գրադարանի հիմնական սպառողներն ուսանողներն են, մագիստրանտները հարցում են կատարել բակալավրիատի և մագիստրատուրայի 50 ուսանողի շրջանում: Այսպես, հարցվածների 87 %-ը գոհ է գրադարանի անձնակազմի սպասարկումից, 13%-ը՝ դժգոհ: Հետազոտության արդյունքների հիմնական և ուշագրավ մասը կազմում են առաջարկությունները. ավելացնել գրքերի քանակը, ֆակուլտետների սպասարկումը դարձնել ամեն օր, կրճատել գրքի տրամադրման ժամկետը (ըստ կարգի՝ պատվիրելուց հետո գիրքը տրամադրվում է 1 շաբաթում), գրքերն ավելացնել նաև առցանց գրադարաններում, առցանց գրադարանից օգտվելու հնարավորություն ընձեռել նաև ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի տարածքում. ահա այսպիսի պահանջմունքներ ունեն գրադարանից օգտվող ուսանողները: Ի դեպ, հարցվածների զգալի մասն օգտվում է նաև առցանց գրադարանից, սակայն գրքային տարբերակը նախընտրում է էլեկտրոնայինից: Արդյունքները վերլուծելիս մագիստրանտները քննարկեցին նաև իրենց պահանջմունքները:

Ինչպես նշել էինք մեր նախորդ նյութում, հետազոտության արդյունքները՝ առաջարկությունների փաթեթի տեսքով կներկայացվեն բուհի ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ նշված կուրսի մի խումբ ուսանողներ էլ գնահատել էին ՀՊՏՀ բուֆետից սպառողների բավարարվածությունը և համապատասխան շնորհանդեսը տեղի էր ունեցել երեկ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին