ՀՊՏՀ թիմը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլին

Դիտումների քանակ՝ 1123

2014-2015թթ. ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) թիմն այսօր մեկնում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնև՝ մասնակցելու 2015-2016թթ. ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլին, որը կայանալու է օգոստոսի 26-29-ը. այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի  վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը:

ՀՊՏՀ թիմն ընդգրկվել է G խմբում, որտեղ մեր տղաների հետ կմրցեն Մոլդովայի բարձրագույն խմբի չեմպիոն «Պրոգրես» և Բելգիայի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Հալե-Գույկ» թիմերը։ Մեր պատվիրակության կազմում են 13 մարզիկներ, գլխավոր մարզիչ Կարեն Միքայելյանը, պատվիրակության ղեկավար, բուհի պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, ինչպես նաև ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը, ով տեղեկացրեց, որ մեր տղաները լավ մարզավիճակում են։ Նա նշեց, որ ՀՊՏՀ ֆուտզալի թիմը վերջերս է վերադարձել եվրոպական համալսարանական ֆուտզալի առաջնությունից, որտեղ բավականին լավ արդյունքներ է գրանցել. 7 խաղից 4-ում հաղթել է, արձանագրել է 2 ոչ-ոքի և միայն առաջնության չեմպիոնից է պարտություն կրել, այնպես որ, Մոլդովայի մրցելույթներից ակնկալիքներ կան։ Ամբիոնի ղեկավարը նշեց նաև, որ հայ ֆուտզալիստները պատշաճ պատրաստվել են առաջնությանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ Ուսանողական մարզական ֆեդերացիայի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացրել են ուսումնամարզական հավաք։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հնարավորություն է ընձեռել թիմին մարզումներ անցկացնել ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում։ ՀՊՏՀ ֆուտզալի թիմը Մոլդովա մեկնելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է ֆինանսական աջակցություն։ «Արարատբանկի» և ՀՊՏՀ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, մասնագիտական պրակտիկաների կազմակերպումից և ՀՊՏՀ լավագույն ուսանողներին իր աշխատակիցների շարքերն ընդունելուց բացի, դրսևորվեց նաև թիմին մեկ միլիոն դրամ աջակցությամբ։ ՀՊՏՀ ուսանողական թիմի անդամները կարևորում են բուհի ղեկավարության և ուսխորհրդի դերն իրենց մարզական հաջողություններում։ Նրանք նշում են, որ առանց ռեկտորատի մշտական ուշադրության և ուսանողների քաջալերման նման արդյունքների հասնելն անհնար կլիներ։

Մեր թիմին մաղթում ենք հաջող ելույթներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին