Մեր ուսանողի հեղինակած լուսանկարը միջազգային մրցույթում դարձել է հաղթող

Դիտումների քանակ՝ 1223

ՀՊՏՀ ուսանողներից շատերի համար լուսանկարչությունը հոբբի է, ստեղծագործելու, ինքնադրսևորվելու յուրատեսակ հարթակ: Նրանցից շատերն են լուսանկարչության ոլորտում հաջողություններ արձանագրում, մասնակցում միջազգային մրցույթների և հաղթում:

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի արտաքին առևտրային հարաբերություններ մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի  (հեռակա) ուսանող Գևորգ Մաթևոսյանը մասնակցել է միջազգային լուսանկարչական առցանց մրցույթի և հաղթող ճանաչվել. մեր ուսանողի աշխատանքը՝ «Տիեզերական էներգիա»  խորագրով,  “Nikon Usa” և “Nikon Russia” լուսանկարչական  խմբերի կողմից ճանաչվել է «Շաբաթվա լուսանկար», արժանացել հազարից ավելի հավանումների:

Գևորգ Մաթևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  օգոստոսի 11-ին  Քարահունջում լուսանկարային շարք է արել, այդ լուսանկարներից մեկն էլ առաջադրել է նշված մրցույթում և դարձել  հաղթող: «Տիեզերական էներգիա»  լուսանկարը հեղինակը հարստացրել է, ինչպես ինքն է ասում, «լույսի էֆեկտով»:

«Լուսանկարչությունն ինձ համար արվեստ է, ստեղծագործական աշխատանք: Սիրում եմ լուսանկարել տարբեր թեմատիկաներով: Սիրում եմ նաև մշակել լուսանկարը, տարբեր տեխնիկական լուծումներով հարստացնել: Շատ լուսանկարներ ունեմ, որոնք ճանաչվել են հաղթող, հրապարակվել են միջազգային առցանց ամսագրերում»,-ասաց Գևորգը:

Մրցույթում հաղթած լուսանկարը

Նշենք, որ երեք տարի է, ինչ  Գևորգ Մաթևոսյանը զբաղվում է լուսանկարչությամբ: Մեր տաղանդավոր ուսանողին ՀՊՏՀ պաշտոնական կայքում անդրադարձել էինք դեռ նախորդ տարի, երբ նրա աշխատանքը տեղ էր գտել  «Practical Photography» ամենամսյա լուսանկարչական հանդեսի 2014 թվականի մարտյան համարում՝ «Տասը հիանալի ֆոտոհղացում, ինչ կարող ես լուսանկարել» խորագրի ներքո:

Մեր ուսանողի համար սիրելի զբաղմունքն արդեն  նաև եկամտի աղբյուր է. Գևորգը ստանում է տարաբնույթ միջոցառումներ լուսանկարելու հրավերներ:

Ներկայացնում ենք մրցույթում հաղթած լուսանկարը  և ևս մեկը, որը մեզ է տրամադրել հեղինակը:

Շնորհավորում ենք Գևորգին, մաղթում ստեղծագործական բազում հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին