Սեպտեմբերի 1-ին ՀՊՏՀ-ն հանդիսավոր կերպով կընդունի առաջին կուրսեցիներին

Դիտումների քանակ՝ 1719

Մի  քանի օրից կմեկնարկի նոր՝ 2015-2016 ուսումնական տարին: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը սեպտեմբերի 1-ին ջերմորեն կընդունի առաջին կուրսեցիներին:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջին  ուսանողներն ուղղել են մի շարք հարցեր, որոնց պատասխանները, ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի հետ զրուցելուց հետո, ներկայացնում ենք ստորև:

Պրոռեկտորը տեղեկացնում է՝ նախատեսված է, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 9.30-ին, ՀՊՏՀ բակում, տոնական մթնոլորտում համալսարանի ղեկավարությունը ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ կդիմավորի առաջին կուրսեցիներին, իսկ  ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում (Զեյթունի մասնաշենք) առաջին կուրսեցիներին կընդունեն ժամը 9.00-ին, որից հետո, ըստ դասացուցակների, կսկսվեն դասերը:

Առկա բակալավրիատի մյուս բոլոր կուրսերի ուսանողները համալսարան պետք է գան իրենց սովորական ժամին. այս տարի ևս, առկա կրթաձևում (բակալավրիատ) ուսումնական պարապմունքնեըը կսկսվեն 9.30-ին, հեռակայում՝ 14.05-ին: Առկա մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների ուսումնական պարապմունքները նույնպես կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին, ժամը 14:05-ին: Դասացուցակները պատրաստ կլինեն սեպտեմբերի մեկին:

Ի գիտություն առաջին կուրսեցիների. համաձայն պրոռեկտորի պարզաբանման՝ առաջին կուրսի առաջին կիսամյակում ուսանողները չեն կարող օգտվել զեղչային համակարգից, իսկ վարձավճարները պետք է վճարվեն սեպտեմբերի առաջին երկու շաբաթվա ընթացքում (մինչև սեպտեմբերի 15-ը):

Հիշեցնենք, որ 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի  հեռակա ուսուցման համակարգի դասապրոցեսի կազմակերպման հաստատված ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ http://media.asue.am/upload/qaxvacq_4.pdf :

Հավելենք, որ այս պահին ՀՊՏՀ-ում  ընթանում են բարեկարգման աշխատանքներ. բուհի ղեկավարությունը ջանում է նոր ուսումնական տարում ուսանողներին ընդունել ժամանակակից և բարեկեցիկ համալսարանական  միջավայրում, որտեղ հարմարավետ է ու գեղագիտորեն հաճելի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին